«Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե»
Այսօր Հայաստանում արդեն գոյություն ունի 18 խոշորացված համայնք, որոնց մեջ 140 համայնքներ են միաձուլվել:
Այժմ Կառավարությունն առաջարկում է միավորվել 328 համայնք, ինչի արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին փոփոխությունների օրինագծին եւ դրան հարակից օրինագծերի փաթեթին:
«Նոր համայնքները ձեւավորվելուց հետո կընտրվեն խորոշացված համայնքի ավագանիներ: Մինչեւ 10 հազար բնակիչ ունեցող համայնքների համար կընտրվեն 10, իսկ ավելի շատ բնակչություն ունեցող համայնքների համար՝ 15 ավագանիներ: Բոլոր համայնքները, որոնք կընդգրկվեն խոշորացված համայնքներում, կունենան վարչական ղեկավարներ:
Վարչական ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին եւ հարցեր ներկայացնել, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Սա կապահովի փոքր համայնքների ներկայացվածությունը: Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե, միասնական հնգամյա ծրագիր»,-հայտարարեց Տերտերյանը: