19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Դրոյի գործով՛՛ մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանի նամակը

 

Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է (Առակ 17,18) 

Պարոնայք իշխանավորնե՛ր․ 

Նախ մաքրեցեք ձեր սրտերն ու հոգիները, քանզի պիղծ սրտով ու անբարո հոգով չեք կարող հպվել ներկայացրածս համակ ճշմարտությանը, ինչպես որ մերկ ձեռքերով շիկացած երկաթին։ Ձեզանից նրանք, ովքեր որ չունեն սրբություն և ճշմարտություն, ապա չունեն նաև նրանց հարստությունն ու զորությունը, ուստիև փորձելու են արհամարելու պղծել անպղծելին։ Այս իսկ պատճառով ճշմարտությունն ասում է․ ՛՛Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները՝ խոզերին՛՛ (Մատթ․ 7․6) Թերևս ձեզանից շատերի մեջ տարակուսանք առաջացնի և ոմանք էլ կարող են բարձրաձայնել, թե՝ ՛՛Ով անմիտ հանցագործ, դու ի՞նչ իրավունք ունես ճշմարտության ու սրբության մասին խոսելու՛՛։

Այո՛, ունեմ, քանի որ այս կյանքում ու այս անցավոր աշխարհում փնտրեցի և գտա միակ ճշմարիտ ճանապարհը, որի նախադռնից մինչև վերջնասահմանի դուռը լցված է ողբով, ցավով, տրտմությամբ, վշտով ու անդառնալի կորուստներով։ Եվ այդ ճանապարհի մի մասը ես անցել եմ պատերազմի, հոգեմարտի ու կրակի միջով, ցավից լալով ու կորուստի համար անվերջ սգալով  և հիմա ծանր է իմ մեջքի բեռը ու անկրելի, մինչև կհասնեմ վերջնամասի դռանը, քանի որ ասված է․ ՛՛․․․ու երբ այդ դռնից ներս մտնի, այնտեղ կգտնի հավիտենական, հրազվարճուրախություն, որովհետև թագավորների թագավորը նրան պիտի դիմավորի և սրբի աչքերի արցունքները, պիտի վայր իջեցնի նրա մեջքի բեռը ու ասի (Հավիտյան հանգստացիր․ այս տեղերի արքան դու ես)։ Ու նա հավիտյանս հավիտենից պիտի ուրախանա՛՛։ 

Նյութապաշտ ու աշխարհասեր իշխանավորներիցդ շատերը Տիրոջ կողմից հաստատված պատվիրանների խստության ու ոմանք էլ անհավատության պատճառով հակառակվեցին աստվածային օրենքներին, որի արդյունքում զոհերից մեկը եղա նաև ես, սակայն դրանով իսկ դարձաք իմ բարերարներն ու երախտավորները և ես ապավինելով Տիրոջ զորությանը՝ մշտապես աղոթում եմ ձեր հոգիների փրկության համար։ Ու թերևս այս տողերը, որ բխում են անկեղծ սրտիցս, և մեր բարեպաշտ սրբերի բարեխոսությամբ թող որ ապաշխարանք համարվի և անճառելի բարի բնությունը ների ձեր բազմաթիվ հանցանքները և ինձ՝ բազում մեղավորիս։ 

Սենա լեռան վրա Մովսես մարգարեին տվեցին քարեղեն տափասյուների վրա գրված Աստծո տառը, օրենքներն ու պատվիրանները։ Դրանցից ութերորդն ասում է․ ՛՛Մարդ մի՛ սպանիր՛՛։ Եվ ահա հին օրենքում նշված է․ ՛՛Ով մարդ սպանի՝ պարտական է դատաստանի՛՛։

Մինչդեռ մեր Տեր Քրիստոսը լրացնում է․ ՛՛Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա լինի դատաստանի՛՛ (Մատթ 22)։ Ուստի և բարկությունը ավելի մեծ հանցանք է , քան մարդասպանությունը։ Տիրոջ կողմից հաստատված է, որ սպանությունից ավելի ծանր և դաժան հանցանք է համարվում բարկությունը։ Հովհաննեսն ասում է․ ՛՛Ով իր եղբորն ատում է՝ մարդասպան է՛՛ (Ա․ Հովհաննես Գ 15)։ Ըստ Տիրոջ օրենքի՝ ատելը նույնպես հավասար է մարդասպանության։ Օրենքը մարդկության համար նշում է յոթը մահացու մեղքերը՝ 1․ Հպարտություն, 2․ Նախանձ, 3․ Բարկություն, 4․ Ծուլություն, 5․ Ագահություն, 6․ Որկրամոլություն, 7․ Բղջախոհություն։ 

Երկրային ժամանակի մեջ ձևավորվեց մի կեղծ ճշմարտություն, ինչն էլ ստացել է աշխարհիկ ձեռնադիր օրենքի ձև, ուր սպանությունը դիտվում էմ միայն որպես նյութաօրգանական միջոցներով ֆիզիկական, մարմնական ոչնչացում։ Հիրավի, օրենքից վախենալով մարդը չի դիմում այդ միջոցներով սպանության, սակայն մարդը չի վախենում եղբորը չսիրել, կամ ատել, չի վախենում հպարտանալ, նախանձել, բարկանալ, ծուլանալ, ագահանալ և նույնիսկ չի վախենում որկրամոլ և բղջախոհ լինելուց, քանզի աշխարհիկ օրենքով չսիրելու, որկրամոլության և վերև նշված  մահացու մեղքերի համար պատիժ ու դատաստան չի սահմանվում։ Սակայն Աստծուն է բարկացնում, մինչդեռ խաթարված ու խեղված մարդն Աստծուց վախ չունի։

՛՛Մարդկանց անհիմն մեղադրելը, զրպարտելը, վատաբանելը, աշխատողի վարձը կտրելը, խեղճ ու միամիտ մարդկանց տունը, ապրանքը, արտն ու այգին անիրավությամբ խլելը կամ աղքատներին տևապես ահաբեկչության մեջ պահելով կեղեքելը, նեղություն , ցավ պատճառելը սպանություն է՛՛ (Մանուկ Կյուրինցի)։ Հենց այս առումով էլ Հակոբոս առաքյալը ասում է ՛՛Ուրեմն այժմ, հպարտներ, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին։ Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած, և նրանց ժանգը․․․պիտի ուտի ձեր մարմինը․․․։ Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում՛՛ (Հակոբոս Ե 1-6)։ 

Բարձրյալի կողմից հաստատված աստվածային լուսաշող ճշմարտությունը մերժելով՝ դուք ձեր համար հորինեցիք աշպարհիկ ճշմարտություններ և ձեռնադրելով աստվածամերժ օրենքները՝ հիմքը հանդիսացաք նորօրյա կռապաշտության։ Տերն ասաց․ ՛՛Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի ու մյուսին կսիրի․․․չեք կարող կարող ծառայել Աստծուն և Մամոնային՛՛ (Մատթ․ Զ 24)։

Աշխարհիկ ճշմարտությունից ձեր վիժած օրենքը կես ճշմարտություն է, քանզի օրենքը կիսով չափ սուտ է, և եթե սուտ է , ուրեմն բելիարիին է ու չար է, ուստիև սուտ է ճշմարտության մյուս կեսը։ Կա այսպիսի կես ճշմարտություն․ ՛՛Սուտն աստիճան ունի, որովհետև մեկը փոքր սուտ է, ինչպես չորսին հինգ ասելը, իսկ մյուսը՝ մեծ, ինչպես չորսին հազար ասելը՛՛։ Հետևաբար փոքր սուտը ավելի մոտ է ճշմարտությանը, քան մեծ սուտը կարող էր մոտ լինել։

Մինչդեռ որևէ բան չի կարող մոտ լինել ճշմարտությանը, եթե իրոք ամբողջովին ճշմարիտ չէ։ Եվ եթե որևէ բան ամբողջովին ճշմարիտ է, ապա այն միայն համակ էություն է, քանզի համակ ճշմարիտն առավել թություն է , իսկ համակ էությունն ու ճշմարտությունը դա ինքն Աստվածն է։ Հետևաբար, աշխարհիկ ճշմարտությունն ունայնություն է, իսկ նրանցից բխած ձեր օրենքները անհիմն, կեղծ և ստաբան, ուստիև գործադրված մեղք։ Իսկ մեղքը չի կարող միաբանվել սրբության հետ, ինչպես Պողոս առաքյալն ասում է ․

՛՛Ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև՛՛ (Բ․ Կորնթ Զ 15)։ Աստծո կողմից սահմանված բարոյական օրենքներին ենթարկվելու ցանկացած ձախողում՝ գործով, հոգով կամ մտքով, դա արդեն կատարված մեղք է, և շատ ավելի ծանր մեղք է Աստծո օրենքների դեմ դրսևորած վերաբերմունքը։ 

Նյութապաշտ աշխարհն ու նրա կռապաշտ տերերը վիժեցին չարյաց աստվածամերժ օրենքներ, որոնցով խախտվեց ոչ միայն Աստծո պատվիրանները, այլև մարդկային աստվածաստեղծ երրորդությունըէ մարմինը, միտքն ու հոգին։  Մարմինը տառապեց ռախիտիզմով միտքը՝ տգիտությամբ և հոգին պղծությամբ։ Պողոս առաքյալն ասում է․

՛՛Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի․․․բայց ուրիշն է որ կառուցում է, սակայն յուրաքանչյուր ոչ թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված է այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է՛՛ (Ա․ Կորնթ․ Գ 10-11)։ Մարդու հոգու և սրտի մեջ հավատի, սիրո ու բարության  ու ճշմարտության հիմքը դրվեց, և որ ոք չի կարող այս աստվածայինը փոխարինել աշխարհիկ որևէ կիսաճշմարտությամբ։ Սակայն այս հիմքի վրա է, որ պիտի կառուցվի տաճարը մարդու ձեռնադրությամբ և յուրաքանչյուր ոք զգույշ պիտի լինի իր հոգու կառուցածում։ Պողոս առաքյալը շարունակում է․

՛՛Եթե մեկն այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի, որովհետև դատաստանի օրն այդ պիտի երևա, քանի որ կրակով պիտի հայտնի լինի և յուրաքանչյուրի գործը, ինչպես որ է կրակը պիտի փորձի․ եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա, և եթե մեկի գործն այրվի, նա պիտի տուժի, թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկին , որ կարծես կրակի միջով անցած լինի՛՛ (Ա․ Կորնթ Գ․ 12-15)։

Աստված մարդուն տվեց ազատ կամք, և մարդն է որոշում թե աստվածային հիմքի վրա ոսկով, արծաթով ու արժեքավոր քարերով աստվածասիրության տաճար կառուցի, թե՞ փայտից, խոտից ու եղեգից մեղքերի բանտ իր հոգոի խորքում։ Սակայն աշխարհի վախճանին յուրաքանչյուր կառույց կրակով պիտի անցնի, և սիրո ու բարեգործության տաճարի նյութերը կրակի մեջ պիտի պայծառանան, մինչդեռ մեղքերի բանտի նյութերն ու նրան կառուցող ու կրող մարդը կրակի մեջ պիտի այրվեն հավիտյան։ 

Մարդուն որպես բանական էակի և Աստծո կողմից նրան շնորհած խոհականության միջոցով, տրված է շարունակական զարգացման անսահմանափակությունը, ձգտումը դեպի Տերը՝ որպես բնական ավանդական ձգտում անմահության, որի կարևորագույն հիմքերից մեկն աշխարհաճանաչողությունն է։ Աշխարհաճանաչողության մակարդակը  պիտի սահմանագծի մարդկային իմացությունների ուղղահայաց և հորիզոնական ամբողջական օրինաչափությունները։

Մինչդեռ աստվածաճանաչությունը դուրս է մղված բոլոր սահմանային օրինաչափություններից ուստիև Տիրոջ կողմից արված արդարության, սիրո, բարության ձգտումը մարդու մտքից և կյանքից արմատախիլ է արված և աշխարհաճանաչողությունը ձևավորվել է հոգու վրա իրականացված հարձակումների առկայության պարագային։ 

Մենք՝ Հայերս, որպես Ադամի և Նոյ նահապետի շառավիղ, թորգոմաց տան որդի Հաբեթյան Հայկ նահապետի ժառանգներ, բնորոշվում ենք մեր անցյալի, ներկայի ու ապագա սերունդների միացյալ, համագոհ և որպես պատմաօրգանական շարունակության մեկ ամբողջականություն։ Մեր ազգային ու աստվածապաշտության պահպանման պատմահոգեբանական հիմքը Հայկ նահապետը դրեց մեզանից 4․500 և ավել տարի առաջ՝ սկզբնավորելով կռապաշտության և աստվածամերժության դեմ համայն մարդկության  հոգեմարտը։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով 301 թվականին համահայկական և միասնական մկրտությունով առաջինը պետականորեն ընդունեցինք Քրիստոնեությունը՝ վերականգնելով անհիշատակելի ժամանակներից դավանած հայոց  միաստվածության ճշմարիտ կրոնը։ Եվ այսօր դուք, պարոնայք Հայոց իշխանավորնե՛ր, ձեր կռած օրենքներով և կռապաշտությամբ, ձեր իսկ կառուցած բաբելոնյան մեղքի բանտի մեջ, որպես նոր ժամանակների բռնապետ մի Բել, կանգ եք առել հայոց զայրույթն ու ցասումը իր մեջ կրող Հայկական վրեժի եռաթև աղեղի առջև։ 

Ապաշխարե՛ք, պարոնայք իշխանավորներ, մաքրեցեք ձեր հոգին ու սրտերը, քանի դեռ ուշ չէ, վերանայեք ու այրեք աշխարհիկ բոլոր ճշմարտություններն ու իղմերը, հիմնվեք միայն ամենայն բարձրյալի իմաստության, խրատի, հանճարի և նրա գործակից մտքի՝ ավելի քան 1700-ամյա կոթողներ Հովհաննես Օձնեցու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի, և մեր սրբերի կողմից հեղինակված սրբագույն ու բարեպաշտ հուշարձան մատյանների վրա։

Միայն այս պարագային է, որ բարոյական ու նյութական շահագործումներից զերծ կվերակազմավորվի Հայոց սրբագույն օրրան ազգային պետությունը, որպես Աստվածադիր պետություն և իր ազգային դավանանքին հարիր և մշակութային լուսապսակ միջավայրում արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ազատորեն կբարգավաճի մեր ժողովուրդը՝ լինելով աստվածասեր և հայրենասեր իփառս Տիրոջ։ 

Արմենակ Մնջոյան 

ՀՅԴ- Դրո գործով մահվան դատապարտված 

 06․Սեպտեմբերի,2013  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ