Արգամի «ստարշի բռատը» մատնում է իրեն. Հրապարակ
Սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ Ֆեյսբուքը, շատ օգտակար ու անսպասելի բացահայտումներ կարող են անել օգտատիրոջ մասին, մատնելնրա մտադրությունները, բացահայտել պլանները: Մինչ Արտաշատի նախկին քաղաքապետ, այժմ Աժ պատգամավոր Արգամ Աբրահամյանը խուսափում է հայտարարել նախկին պաշտոնում իրեն փոխարինողի անունը, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը բացահայտ նախընտրական կոմպանիա է սկսել Ֆեյսբուքում (Հովիկ Աբրահամյանի ազգական փոխքաղաքապետն այս ընթացքում եղել է Արգամի մեջքը պինդ պահած «ստարշի բռատը», ուստի զուր չէ, որ հենց նրան էլ, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանները ցանկանում են նստեցնել Արտաշատի քաղաքապետի աթոռին):
Պողոսյանն իր էջում հղում է անում politik.am կայքում իր մասին հրապարակումներին: Ուշագրավ է, որ «Աբրահամյանների ազդեցությունը մեծանում է» վերնագրով հոդվածը նա երեք անգամ է զետեղել իր էջում՝ «անհասկացողների» համար երիցս ընդգծելով նյութի առանցքը. «Պարզ է, որ Գագիկ Պողոսյանն ընտրվելու դեպքում շարունակելու է Արտաշատում ուժեղ պահել Աբրահամյանների դիրքերը»:
Նկատենք, որ հիշյալ կայքում զետեղված’ Պողոսյանին նվիրված PR նյութերը երբեմն ոչ գրագետ ձեւակերպումներ են պարունակում: Օրինակ. «Արտաշատցիները վստահ են, որ Գագիկ Պողոսյանը շարունակելու է Արգամ Աբրահամյանի քաղաքի զարգացման պլանը եւ ավելի շենացնելու քաղաքը»: Արտաշատ քաղաքը, դատելով ձեւակերպումից, փաստորեն, Արգամ Աբրահամյանի սեփականությունն է: Նույն հրապարակման մեջ կենսագրական տվյալներ են ներկայացված, ըստ որոնց’ 42-ամյա Գագիկ Պողոսյանը Մխչյանում է ծնվել եւ «այս պահին ուսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրատուրա բաժնում»: Թերեւս նկատի են ունեցել հիշյալ բաժնի մագիստրատուրայում ուսանելը:
Նկատենք, որ Աբրահամյանի թիմում սպասողական վիճակ է, նրանք հույս ունեին, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Այժմ էլ տագնապում են, թե իշխանությունները հատուկ են ընտրությունների օրը հետաձգում, որպեսզի ՀՀԿ-ն ժամանակ շահի ու կարողանա պատշաճ պատրաստվել դրանց: Որպես պայքարի ճակատ՝ աբրահամյանականները դիտարկում են Արարատի մարզպետին ու նրա պատգամավոր եղբորը, ովքեր իրենց թեկնածուին են առաջադրելու Արտաշատում մարզի ՀՀԿ- ական տիրապետությունը լիարժեք դարձնելու համար:
Բայց թեկնածուի հարցում նրանք դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, թեեւ մեկ-երկու անուն այս օրերին շրջանառվում է: Հիշյալ համայնքում արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ հայտնեց հետեւյա- լը. «ԿԸՀ-ն նախապես սահմանում է յուրաքանչյուր տարվա համար ՏԻՄ ընտրության քվեարկության օրեր: Այս տարվա առաջիկա ՏԻՄ ընտրությունները լինելու են հունիսի 18-ին, իսկ հաջորդը’ նոյեմբերի 5-ին: Քանի որ հունիսին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների գործընթացներն արդեն իսկ սկսված են, դժվար թե Արտա- շատի արտահերթ ընտրությունները տեղի ունենան հունիսին»: Նա նաեւ նշեց, որ արտահերթ ընտրությունների նշանակումը տեղի է ունենում կառավարության որոշմամբ: Նման որոշում առայժմ առկա չէ:
Դե, իսկ Գագիկ Պողոսյանի հետ զրուցել չհաջողվեց, այս օրերին նա արձակուրդում է: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանում չէ, մեկնել է Գերմանիա: Թեեւ թաղաքապետարանից թերթի ճշտմանն ի պատասխան ասացին, որ Պողոսյանը Հայաստանում է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: