26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե թշնամին զինվում է, ապա վաղ, թե ուշ այն կիրառելու է

Henaran.am-ը վերջին օրերի սահմանային լարվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և այլ հարցերի շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

Պարո´ն Ջամալյան, վերջին օրերին կրկին լարվածություն է  նկատվում սահմանում: Ըստ Ձեզ, ի՞նչով է դա պայմանավորված, այս անգամ առիթը ո՞րն է:

Սահմանին լարվածություն ստեղծելը Բաքվի հետևողական քաղաքականությունն է: Վերջինս կարելի է համարել ալիևյան իշխանության դիմագծի մասը: Այն իրականացնելու համար Բաքուն պատճառներ որոնելու կարիք չի զգում: Ըստ այդմ` այն, ինչ այս օրերին տեղի է ունենում սահմանին, ոչ թե կոնկրետ պատճառով պայմանավորված իրադրական լարվածություն է, այլ` հետևողական քաղաքականության հերթական փուլը: Բաքվին խաղաղ սահման պետք չէ, փոխարենը հարկավոր է պահպանել «պատերազմի մթնոլորտը»: Այս հանգամանքը մենք պետք է հստակ գիտակցենք: Միակ գործոնը, որը ստիպում է Բաքվին որոշակի դադարներ հաստատել իր «լարվածության քաղաքականությունը» կենսագործելիս, այն կորուստներն են, որոնք Բաքուն կրում է հայկական ուժերի հակազդման հետևանքով:

Այո, Բաքվում ներքուստ պատրաստ են կորուստների այդ քաղաքականության դիմաց, փաստորեն լարվածության անընդհատությունն իրենց համար ավելի նշանակալի է, քան սեփական զինծառայողի կյանքը: Սակայն կա կորուստների մի կրիտիկական չափ, որի հետ ալիևյան վերնախավը ստիպված է հաշվի նստել և մի որոշ ժամանակ ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակն ապակայունացնելուց: Ըստ այդմ` եթե լարվածության անընդհատության պահպանումը Բաքվի քաղաքականությունն է, ապա մեր խնդիրն է անել այնպես, որ ի պատասխան այդ քաղաքականության Բաքուն զգալի կորուստներ կրի: Որքան այդ կորուստները լինեն ավելի ցավոտ, այնքան ավելի երկար կտևի անդորրը: Ցավոք, այդպիսին է իրականությունը. տևական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ ցանկանում են հակամարտող երկու կողմերն էլ: Եթե թշնամին փորձում է խոսել ուժի դիրքերից, ապա մենք պետք է լինենք ավելի ուժեղ: Այլ ելք չկա:

Առաջին անգամ թշնամու կողմից կիրառվեց կառավարվող հրթիռ: Սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Նախ` մենք պետք է հոգեպես պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Եթե թշնամին զինվում է, ապա վաղ, թե ուշ այն կիրառելու է:

Տվյալ դեպքում ես չեմ բացառում, որ այս կերպ ադրբեջանական կողմը ձգտում է մարտականին առավելագույնս մոտ պայմաններում իր անձնակազմի մոտ տվյալ զինատեսակը կիրառելու հմտություն ձևավորել: Ամեն դեպքում հակառակորդի ցանկացած նախահարձակ ակտիվությանն ի պատասխան հարկավոր է հակազդել կտրուկ` հասցվելիք կորստի անհամարժեքության սկզբունքով: Այդ առումով Պաշտպանության բանակի պատասխանը միանգամայն տեղին էր:

Բայց տեսակետ կա, որ մենք պիտի նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնենք, որ մենք միայն պատասխանող կողմ ենք: Համաձա՞յն եք:

-Չէի ասի, թե մենք մեզ արեստականորեն սահմանափակել ենք հակառակորդին հակազդելու միջոցների ընտրության մեջ: Միջազգային իրավունքի նորմերի հանդեպ բացահայտ արհամարհական կեցվածք հանդես բերող հակառակորդին զսպել է պետք, այո, ի թիվս այլոց` նաև կանխարգելիչ հարվածներով: Իսկ երբ և որտեղ հասցնել այդ հարվածը, թողնենք հայոց երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության հայեցողությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կարծես թե առաջին անգամն էր, որ քիչ, թե շատ տարբերվող ու հասցեական հայտարարություն եղավ: Սրան ի՞նչը կհաջորդի: Միգուցե, Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնի՞ նախահարձակ լինելը:

   -Կհաջորդի հաջորդ նախահարձակ քայլը, գուցե վաղը, գուցե մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո: Չեմ կարծում, թե առաջիկայում ադրբեջանական կողմը կփոխի իր լարվածության անընդհատության քաղաքականությունը:

-Պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք այս փուլում:

-Մեր պայմաններում չկա ավելի վտանգավոր բան, քան մեր հանրությանը հանիրավի հուսադրելը: Հրադադարի ռեժիմի խախտումը վերածվել է առօրյայի, թշնամին անցյալ տարվա ապրիլից հետո ջանքեր է գործադրում` վերականգնելու իր մարտական կարողությունները: Անցյալ ապրիլին թշնամին կորցրեց իր ամենամարտունակ անձնակազմերի զգալի մասն ու այսօր խնդիր ունի ձևավորել մարտունակ ստորաբաժանումներ, ինչն, իհարկե, ժամանակ է պահանջում, սակայն սկզբունքորեն լուծելի խնդիր է: Բացի այդ անցյալ ապրիլից հետո ալիևյան իշխանությունն ամեն կերպ ձգտում է սեփական հանրության ընկալումներում ձևավորել հաղթանակի իմիտացիա: Այդ հաղթանակի իմիտացիան նախագահ Ալիևին հարկավոր է` թե´ սեփական իշխանության հիմքերն ամրապնդելու, թե´ անդրկովկասցի թուրքերի մոտ մեզ հաղթելու հավատ ներշնչելու համար:

Հետևաբար մեծամասշտաբ մարտական գործողությունների բռնկման հավանականությունը չի նվազել: Անշուշտ, անցյալ ապրիլից հետո մեր ռազմավարական զսպման ռեսուրսը շեշտակիորեն ավելացել է: Մեր զինանոցում հեռահար խոցման միջոցների առկայությունն իր կայունացնող դերը կատարում է: Սակայն լոկալ բնույթի, կարճատև ու սահմանափակ ուժերի և միջոցների ընդգրկմամբ մարտական գործողությունների վերսկսման հավանականություն, կարծում եմ, առկա է:

Ի՞նչ դիրքերում ենք մենք`համեմատած նախորդ տարվա ապրիլի հետ:

-Անցյալ ապրիլին թշնամու հարձակողական խմբավորումները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրն ու ճեղքել մեր պաշտպանությունը: Արցախի պետական սահմանի ուրվագիծը սկզբունքորեն չի փոխվել: Ադրբեջանական ագրեսիան հետ է մղվել, Արցախի պետական սահմանը վերահաստատվել է: Արդյունքում` բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքերն այսօր ուժեղ են, առավել քան երբևէ:

Եվ եթե կարելի է, անդրադարձեք  ՊՆ-ի կողմից նախաձեռնված երկու նոր ծրագրերին` «Ես եմ» և «Պատիվ ունեմ»:

   -Զինվորականի մասնագիտությունը հրապուրիչ դարձնելուն ուղղված օգտակար նախաձեռնություններ են:

 

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ