Մի սիրո պատմություն․ ով է երգչուհի Արծվիկի ամուսինն ու ինչպես է անցել նրանց հարսանիքը /ֆոտոշարք/
Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնում էր ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկ Հարությունյանը։ Արծվիկը բավական հայտնի է նաեւ Ռուսաստանում։ Նա հայտնի դարձավ հատկապես «Голос» նախագծին մասնակցելուց հետո։
33-ամյա Արծվիկն այս տարի մարտ ամսին ամուսնացել է։ HELLO ամսագիրը «Հարսնացուի օրագիրը» խորագրում ներկայացրել է զույգի սիրո պատմությունը եւ թե ինչպես է անցել նրանց հարսանիքը։
Ծանոթություն
Արծվիկը պատմում է․
«Մոտ 10 տարի առաջ քեռիս ինձ առաջարկեց իր ընտանիքի հետ գնալ հարսանիք՝ Սարատով։ Ես մտածեցի, որ լավ կլինի, այնտեղ չեմ եղել ու գնացի։ Հարսանեկան խնջույքի ժամանակ հայացքս կանգ առավ բարձրահասակ, գեղեցկադեմ տղայի վրա։ Նա անընդհատ ինձ էր նայում։ Այդ երեկո ես նույնպես երգեցի։ Երբ կատարեցի I Will Always Love You երգը, նա մոտեցավ ինձ ու փուչիկ նվիրեց ու տանգոյի հրավիրեց։ Հետո մենք միասին պարեցինք, զրուցեցինք, ու ես հետ գնացի Մոսկվա։ Մեր ծանոթությունն այդքան կարճ էր։
Հետո ամեն մեկս մեր կյանքով էր ապրում, սակայն մեկ տարի անց Հարությունն ինձ գրեց սոցկայքով։ Նա գրել էր՝ բարև, հիշո՞ւմ ես ինձ, ու սիրտս սկսեց արագ աշխատել։ Ես գրեցի՝ իհարկե հիշում եմ։ Այդպես սկսեցինք հանդիպել։ Մենք մի քանի տարի հանդիպեցինք, եւ նա մի օր ինձ ամուսնության առաջարկություն արեց։
Նշանդրեք
«Ամուսնության առաջարկն ինձ համար անսպասելի էր։ Մի օր հավաքվել էինք Հարությունենց տանը, եւ նրա փոքրիկ զարմիկը միամիտ հարվածեց աչքիս։ Ստիպված էի անընդհատ սառույց դնել աչքիս, եւ մինչ աչքս էի մշակում, հանկարծ Հարությունը բռնեց ձեռքիցս ու ասաց՝ Դու ինձնից չես փախչի, ու մատանին հագցրեց մատիս։
Հարսանիք
Իմ հարսանիքը լավագույնն էր։ Մենք ամուսնացանք Իտալիայում՝ Կոմո կղզու վրա գտնվող Grand Hotel Tremezz-ում։ Մենք երկուսով էինք, հարսանեկան արարողությունը միայն երկուսիս համար էր նախատեսված։
Առավոտյան արթնացանք, լճում լողացինք, այգում անցկացրինք հարսանեկան արարողությունը, ռոմանտիկ ընթրիք արեցինք․․․
Հետաքրքիրն այն է, որ մեր հարսանիքի նախորդ օրն այստեղ հնդկական հարսանիք էր անցկացվել, մենք նրանց շնորհավորեցինք, նրանք էլ՝ մեզ, միասին լուսանկարվեցինք։
Ես հինգ հարսանեկան զգեստ եմ հագել հարսանիքիս։ Եւ չէի հոգնում դրանք փոխելուց։ Հինգ զգեստն էլ շատ գեղեցիկ էին, ինձ շատ դուր էին գալիս։
Մեր հարսանիքը իսկական անակնկալ էր մեր բարեկամների ու ընկերների համար։ Նրանք սոցկայքում տեսել էին լուսանկարն ու ապշել, իմ հեռախոսը պայթում էր զանգերից։ Ես ասում էի՝ մենք ցանկանում էինք վայելել իրար, երկուսով լինել։
Ես ողջ կյանքում հենց այդպես եմ պատկերացրել իմ հարսանիքը՝ ռոմանտիկ, շքեղ, առանց ավելորդ չարչարանքների։ Ու հենց այդպես էլ եղավ։