Լեռնագնացը Մոնբլանի վրա թանկարժեք քարերով լի տուփ է գտել

Ֆրանսիացի լեռնագնացը Մոնբլան լեռան վրա 246 000 եվրո արժողությամբ հարստություն է գտել, որն այնտեղ մնացել է շուրջ 50 տարի, փոխանցում է РИА Новости-ն:
Լեռնագնացը գտել է թանկարժեք քարերով լի տուփը եւ տարել այն ոստիկանություն:
“Այդ երիտասարդը շատ ազնիվ գտնվեց: Նա միանգամից հասկացել է, որ զարդերը պատկանում են մեկին, ով մահացել է սարի վրա ու տուփը բերեց ոստիկանություն”,- ասել են իրավապահ մարմինները:
Շատ հեշտ է եղել պարզել, թե ում է պատկանել գանձը: Տուփի մեջ գրված է եղել` պատրաստված է Հնդկաստանում: 1950 եւ 1966 թվականներին Մոնբլանի վրա երկու ինքնաթիռ է ընկել Հնդկաստանից, հետեւաբար գանձը մահացած ուղեւորներից մեկին է պատկանել:
Ֆրանսիայի օրենքի համաձայն` մարդ, ով գանձ է գտել, կարող է այն իրեն պահել, եթե իրական տերը չի հայտնաբերվել: Ներկայումս Ֆրանսիայի իրավապահ մարմինները կապվել են իրենց հնդկացի գործընկերների հետ` պարզելու համար, թե ում է պատկանել հարստությունը: