Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. քույր ու եղբայր մահացել են
Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, ով այս պահին վթարի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավոությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ shamshyan.com