Արտակարգ պատահար Գյումրիում. կան տուժածներ (ֆոտո, տեսանյութ)
Այսօր, ժամը 2,30-ին պայթյուն է գրանցվել Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի 51 շենքի 31 բնակարանում:
Բնակիչները լսել են պայթյունի ձայնը ու դուրս գալով տեսել են, որ երրորդ հարկի բնակարանի ապակիները, պաշտգամը մասամբ փլուզվել է, իսկ պատուհաններից ներս կրակ է նկատվում, օգնության կանչեր լսվում:
Մինչ փրկարարների ու շտապբուժօգնության ժամանելը, հարևանները փականից անջատել են գազի հոսքը ընդհանուր շենք, ապա օգնել են մարել կրակն ու բնակարանում գտնվող երեք անձանց տեղափոխել են հարևան բնակարան:
Բնակարանում եղել է երեք անձ` հայրը, մայրը և մանկահասակ երեխան: Հարևանները տեղեկացրեցին, որ երեխան չի տուժել, իսկ ծնողները ունեն այրվածքներ դեմքի, ձեռքների հատվածներում:
Հարևանները նշեցին, որ ընտանիքը տվյալ բնակարանում ապրում է վարձով: Դատելով հետևանքներից ու փրկարարաների խոսակցություններից, պայթյունը հավանաբար եղել է գազի արտահոսքից: Գազը լցվել է ամբողջ տունը ու պայթել: Բնակարանի բոլոր պատուհանները պայթյունի հետևանքով ջարդվել էին, իսկ հյուրասենյակի պատուհանն ու դուռը հայտնվել էր բակում:
Գյումրի բժշկական կենտրոնից` բժիշկ Կարեն Պողոսյանը տեղեկացրեց, որ երկու տուժածների մոտ էլ մարմնի 20-30 տոկոսի չափով այրվածքներ կան: Կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ամուսնուն տեղափոխել են վնասվածքաբանական բաժանմունք: Ամուսինների վիճակը միջին ծանրության է: