Եթե էսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է. մարզպետի թոռների կնունքին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցու զանգը։
Հայրենի գյուղի եկեղեցուն զանգը նվիրել էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որի անուն-ազգանունը փորագրված էր եկեղեցու զանգի վրա։ Նշենք, որ Լեռնակերտը Շիրակի մարզպետի ծննդավայրն է։ «Եթե էսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է, մյուս տեղերում չգիտեմ արդյունքն ինչպիսին կլինի, բայց Աստծո մոտ հավիտենական ու հավերժ է»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը։ Նա նշեց, որ ամաչում է խոսել այս փոքրիկ ներդրման համար, քանի որ դա քրիստոնյա հայի հոգու պարտքն է։
Լեռնակերտն հնում կոչվել է Շիրվանջուղ, Սիրվանջուղ: Եզակի գյուղերից է, որ 2 եկեղեցի ունի՝ հին և նոր: Գյուղի Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցին Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի (4-5րդ.) կառույցներից է: Միանավ բազիլիկ կառուցվածքի վրա՝ պարզ ու խաչաձև լուծումներով, մշակվել ու զարգացվել են հայկական ճարտարապետության թաղածածկ կառուցվածքների հնագույն և հիմնական տիպերը: Եկեղեցու խորանի կամարաղեղը պայտաձև է, իսկ ծածկը` երկլանջ և առանց գմբեթ:
«Եկեղեցին մաքրվեց, իսկ 2004 թվականին բարերար Գոհար Խաչատուրյանի աջակցությամբ եկեղեցին նորոգվեց, բարենորոգվեց, օծվեց և վերաբացվեց: Հետո Լեռնակերտում կառուցվեց երկրորդ եկեղեցին: Իմ պատահական այցերն այս գյուղ ցույց են տվել, որ այստեղ Աստծո խոսքի սերմը ցանում ես ու պտուղ է տալիս»,-իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցու նախ վերականգնումն, ապա զանգի օծումն ու տեղադրումը հոգևոր վերականգնում ու մեծ ուժ է համարում
գյուղի տարեցներից մեկը՝ 84-ամյա Մանիկ տատը: «Սովետական տարիներին ստիպված գնում էինք գյուղի երեք մատուռները, բայց հիմա երկու եկեղեցի ունենք,որտեղ աղջիկ ու տղա ենք ամուսնացնում, երեխա մկրտում: Ուրիշ տեղ չենք գնում, մեր գյուղի եկեղեցում ենք ամեն ինչ անում»,- նշեց Մանիկ Հովհաննիսյանը:
Եկեղեցու զանգն օծելուց, կախելուց ու հնչեցնելուց հետո, եկեղեցում կնքեցին Շիրակի մարզպետի երկու թոռնիկներին՝ Հովսեփին ու Հասմիկին։ Այնուհետ ողջ գյուղով սեղան նստեցին, եկեղեցու բակում մատաղ բաժանեցին։
Նշենք, որ մարզպետի թոռների կնունքին մասնակցում էին ծնունդով լեռնակերտցի պաշտոնյաները` հիվանդանոցի տնօրեններ, դատավոր ու Երևանի այժմյան ոստիկանապետը, ով ջերմորեն ողջունում ու զրույցի էր բռնվում իր համագյուղացիների հետ։ Մարզպետի թոռնիկների կնունքին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ։ Նրանք ոսկեզօծ Աստվածաշունչ նվիրեցին մարզպետի ընտանիքին։ Եվ երբ նվերը ցույց տվեցին Միքայել Սրբազանին, վերջինս կատակեց՝ ասելով․«Մարդ պիտի մարզպետ լինի, որ այսպիսի նվեր ստանա»։