Սիրուշոն եւ Լիլիթ Հովհաննիսյանը
Վերջին 5 տարիների ընթացքում շատ է աճել հետաքրքրությունը նորաձեւության նկատմամբ, ինչում շատ կարեւոր դեր ունի ինտերնետը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց “Mashroom” բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը:
Ըստ բլոգերի` այժմ նորաձեւությունն ավելի լայն հասարակության համար է հասանելի դարձել, համացանցի միջոցով մարդիկ կարող են իմանալ, թե ամբողջ աշխարհում ինչն է նորաձեւ, ոչ թե ստիպված լինեն նորաձեւ համարել այն, ինչ ներկրվում է:
“Հայաստանում միջին գնային քաղաքականության բրենդային խանութներ են բացվել, որոնք շատերին են հասանելի”,- ասում է Մ. Քաբաբյանը:
Բլոգերի կարծիքով` հայ աղջիկները նորաձեւությանը հետեւելիս շատ են ոգեշնչվում արտասահմանյան հայտնի դեմքերից:
“Պետք է ուրախությամբ նշեմ, որ հայ երգչուհիները նույնպես այսօր նորաձեւության, ոճի թելադրողներ են, օրինակ` Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը: Նրանց հագուստը, սանրվածքը, աքսեսուարները ոգեշնչում են հայ աղջիկներին”:
Մարիաննա Քաբաբյանի հավաստմամբ` ներկայումս համաշխարհային նորաձեւությունը գնում է մինիմալիզմի` ձեւերը մինիմումի են հասցված:
“Նորաձեւ են միատոն գույները: Ամբողջ հագուստը նույն գույնի պետք է լինի` սեւ, սպիտակ կամ կաթնագույն: Շատ նորաձեւ են խոշոր աքսեսուարները”,- ասաց բլոգերը:
Ըստ նրա` հայ տղաները նույնպես շատ են փոխվել` համատարած սեւ գույնը, որ տարիներ առաջ նկատվում էր, հիմա չկա: Ավելի վառ գույներով են սկսել հետաքրքրվել: