Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնվեց և օրհնվեց 11-րդ բնակարանը
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի «ԱՊՐԵՑՆԵՆՔ ՀԱՅԻՆ, ՈՐ ԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կարգախոսի համաձայն` օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` հերթական 11-րդ բնակարանը գնվեց Վանաձոր քաղաքից դուրս` Վարդաբլուր համայնքի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի միջնորդությամբ, համայնքում բնակվող, խիստ կարիքավոր Սարգսյան ընտանիքի համար:
Վեց հոգանոց ընտանիքը իր քարաշեն բնակարանը կորցրել էր 1988 թվականի երկրաշարժին և արդեն 28 տարի է, ինչ բնակվում էր իրենց հատկացված թիթեղաշեն տնակում, որն իր հերթին քայքայման եզրին էր և խոնավության պատճառով դարձել էր ընտանիքում ապրող երեխաների առողջական վիճակի վատթարացման պատճառ: Բնակարանը գնվեց Վարդաբլուր համայնքի Կենտրոնական փողոց, 31/1 հասցեում:
Օրերս, թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի ձեռամբ, Սարգսյանների համար գնված նոր տանը կատարվեց տնօրհնեքի արարողություն: Սրբազան Հայրը շնորհավորեց ընտանիքի անդամներին, բարի վայելում մաղթեց և խնդրեց իրենց մշտական աղոթքն ուղղեն առ Աստված նաև բարերարների և այլ կարիքավոր ընտանիքների համար, ովքեր ևս կարոտ են տաք անկյուն ունենալուն:
Բնակարանի գնման բարերարներն են ԱՄՆ «Հայրենիք միություն» կազմակերպությունը` ի դեմս Սիմոն Աճըլիաչյանի և իր ինը ընկերների: