25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենաշատը Լոռիում են ամուսնալուծվում

«Հայաստանում ամուսնալուծությունների թիվը վերջին երկու տարիներին նվազում է, սակայն այն 2001 թվականի համեմատ դեռ շարունակում է բարձր մնալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Կույումջյանի փոխանցմամբ՝ 1990-1991 թվականներին հանրապետությունում գրանցվել է 3 հազար 800 ամուսնալուծություն, 2001 թվականին այդ ցուցանիշը նվազել է` դառնալով գրեթե 1300: Այնուհետև ամուսնալուծությունների թիվը սկսել է բարձրանալ, ամենաբարձր ցուցանիշը եղել է 2014 թվականին, երբ գրանցվել է 4 հազար 496 դեպք:

«2015 թվականին ունեցել ենք ամուսնալուծության 3 հազար 670 դեպք, իսկ 2016-ին` 3 հազար 648 դեպք: Ինչպես տեսնում եք, որոշակի նվազում կա, սակայն այս ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2001 թվականի համեմատ, երբ ունեցանք ամուսնալուծության մոտ 1300 դեպք: Եթե դիտարկենք հարաբերական ցուցանիշը, ապա ամուսնալուծության դեպքերը 1000 բնակչի հաշվով կազմում են 1,2 գործակից»,-հայտնել է Կարինե Կույումջյանը:

Կարինե Կույումյանի խոսքով՝ Հայաստանում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է: Ամուսնալուծության միջին հանրապետական ցուցանիշը 1,2 պրոմիլ է, Լոռիում այդ ցուցանիշը կրկնակի ավելին է՝ կազմելով 2,4: Մյուս մարզերում այդ ցուցանիշը միջին հանրապետականից ցածր է:

Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա մեր երկրում 90-ական թվականների սկզբին գրանցվում էր ավելի քան 28 հազար ամուսնություն: 2001 թվականին այդ ցուցանիշը դարձավ 11 հազար: Դրան հաջորդող տասնամյակում ամուսնությունների թիվն ավելացավ, 2011 թվականին գրանցվեց 19 հազար 706 ամուսնություն: Վերջին 3-4 տարիների ընթացքում որոշակի նվազում նկատվում է, 2016 թվականին գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն:

Խոսելով ամուսնությունների տարիքային խմբերի մասին՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ ամուսնության միջին տարիքը վերջին 20 տարիների ընթացքում տղամարդու դեպքում 25-ից հասել է 29-ի, կանանց դեպքում` 22-ից հասել է 26-ի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ