«Իմս թերի բարձրագույն է վայթե չկռնանամ». Գյումրիում հերթեր են /ֆոտո/
Գյումրիում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը, բայց դեռ չբացված որոշ տեղամասերում արդեն ընտրողների հերթ էր գոյացել։
Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ թիվ 31/13 ընտրատեղամասում թաղային հեղինակություն իրենց համարող որոշ մարդիկ սկսեցին աղմկել ընտրատեղամասում։ Նրանցից մեկն էլ հայտարարեց, որ ինքը առաջին ընտրողն է ու քվեախցիկի աղբարկղի հատվածում կան արդեն քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի նախագահն բավական երկար ժամանակ բացատրում էր գործող կարգը, ինչից հետո միայն քաղաքացին դուրս եկավ տեղամասից՝ շարունակելով աղմկել նաև միջանցքում։
Սարքավորումները աշխատում են նորմալ, թեև մեկ անգամ էլեկտրաէներգիան անջատվեց։ Կան դեպքեր, երբ տեխնիկական սարքը չի ճանաչում ընտրողի ոչ մի մատնահետքը։
Գյումրիում ընտրողները բավականին ակտիվ են, հատկապես տարեցներն ու 18 տարին լրացածները։ Միայն թե շատերի համար դժվար է հասկանալ, թե ինչ են անելու 9 քվեաթերթիկների հետ։
«Բդի մարդ բարձրագույն ավարտած էղնի օր կռնանա քվեարկե։ Իմս թերի բարձրագույն է վայթե չկռնանամ»- մեզ հետ զրույցում նշեց Այվազյան Կարենը։
Առաջին անգամ ընտրող Աշոտն էլ մոտ 15 րոպե քվեախցիկում փորձում էր ընտրել։ Ի վերջո, նորից բացատրելուց հետո, քվեարկեց։
Այս պատճառով շատ տեղամասերում աղմուկ է՝ ամեն մեկը մի անկյունից բղավում է։ «Չծալեք, էն մյուսները թափեք», հետ գնացեք հետևում տեղ կա թափեք», « գնացեք ծալածը ուղղեք»։ Ընտրողների հոսքը մեծ է, անցել է մոտ մեկ ժամ երեսուն րոպե ու արդեն քվեարկել են 100 ընտրող։