Տարվա երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել է Սիսիանը /ֆոտո, վիդեո/
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված “Տարվա երիտասարդական մայրաքաղաք 2014” մրցույթի արդյունքները ամփոփվեցին այսօր նախարարությունում:
Բացի այն, որ հայտ ներկայացրած քաղաքները` Սիսիանը և Էջմիածինը, ներկայացրել էին համապատասխան հիմնավորումներ և փաստաթղթեր, քվեարկությունը կատարվում էր նաև օն-լայն` քաղաքացիների կողմից:
Տարվա երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել է Սիսիանը:
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին կազմկոմիտեի կողմից` փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ: Համաձայն “Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք” մրցույթի փորձագիտական հանձնաժողովների անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը 705 միավոր է, իսկ Սիսիան քաղաքինը` 845:
Առցանց քվեարկության արդյունքում Էջմիածին քաղաքը հավաքեց 8416 ձայն, իսկ Սիսիանը` 9246 ձայն: Փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության համագումարի արդյունքում էլ Էջմիածինը ստացավ 835 միավոր, իսկ Սիսիանը` 988:
“Սա այս գործընթացի սկիզբն է: Մարզերում բնակվում են շատ երիտասարդներ, ովքեր այսօր ունեն մեր հոգածության, ուշադրության կարիքը, եւ սա ուշադրության գրավականներից մեկն է”,- փաստեց փոխնախարար Արսեն Քարամյանը:
“Հաղթեց Սիսիանը, բայց ընդհանուր առմամբ հաղթեց Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդությունը”,- ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Նշենք, որ եկող տարի բյուջետային միջոցների հաշվին երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում 2014 թվականին որոշակի միջոցառումներ կիրականացվեն Սիսիանում:
Մանրամասները տեսանյութում: