19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սիրիական թնջուկը հավակնում է դառնալ ԱՄՆ “մուտքի վիզայի” ամենապարադոքսալ թատերաբեմը

Սիրիական թնջուկը հավակնում է դառնալ ԱՄՆ “մուտքի վիզայի” ամենապարադոքսալ թատերաբեմը: Այսքան պառլամենտական գործելաոճ Արևմուտքը, կարծես, չէր ցուցաբերել այս կամ այն վայրում ռազմական գործողություն սկսելուց առաջ: Միացյալ Նահանգների նախագահն իրավունք ունի ռազմական գործողություններ սկսելու մասին որոշում կայացնել առանց Կոնգրեսի թույլտվության, սակայն Սիրիայում այդ քայլը կատարելու հարցը դրված է Կոնգրեսում:

Գուցե Օբաման այս կերպ փորձում է պատասխանատվության բեռի մի մասն իր վրայից գցել, գուցե փորձում է ժամանակ շահել և, այնուամենայնիվ, ստանալ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի աջակցությունը, որոնք մերժեցին ռազմական գործողություններին իրենց մասնակցությունը: Մի երրորդ տարբերակ էլ կա. իսկ միգուցե Սպիտակ տունը փորձում է Կոնգրեսի միջոցով կանխել պատերազմ սկսելու իր օդիոզ ցանկությունը, իսկ արտաքին աշխարհում փրկել դեմքը և սրբագրել քաղաքական անհետևողականության մեղադրանքները:

Այս սցենարներից որևէ մեկը պետք չէ միանշանակ բացառել՝ հաշվի առնելով այն անակնկալը, որ մատուցեցին Բրիտանիան և Գերմանիան, որոնք ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության կարևորագույն պատվարներն էին, Բրիտանիան նույնիսկ՝ ԱՄՆ-ի քաղաքական մեղրամիսների մշտական ուղեկիցը: Բայց պարադոքսալ կոնֆլիկտն այլ անակնկալներ ևս ունի. Ֆրանսիան, որ ԱՄՆ-ի քաղաքական արշավներին ավանդաբար կասկածանքով էր վերաբերում, այժմ որոշել է աջակցել սիրիական հարցում:

Սա ավելի շատ դաշնակցային պարադոքս է, բայց քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից, գուցե ավելի իրատեսական, քան պարադոքսալ, չէ որ Սիրիայի նկատմամբ Ֆրանսիան պատմական «համակրանք» ունի: Առաջին համաշխարհայինից հետո Ազգերի Լիգան Սիրիան Լիբանանի հետ հանձնեց «ֆրանսիական մանդատին»: Իսկ հայտնի է, թե գերտերություններն ինչպիսի “կարոտով” են լցված այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են իրենց տիրապետության տակ:

Մյուս կարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ Փարիզը, հավանաբար, փորձում է վերադարձնել Մալիում անարգել ռազմական գործողություն սկսելու և իրականացնելու Վաշինգտոնի տված կարտ-բլանշի պարտքը:

Մի բան ակնհայտ է, որ Արևմուտքին ինչ-որ բան չի հերիքում սիրիաական հարցում, այդ իսկ պատճառով, քաղաքական փաստարկների ու մանևրների բավարար պաշար ունենալու համար, Արևմուտքում դիմում են քաղաքականության մեջ հայտնի “պառլամենտական հնարքին”. եթե մերժվում է, ապա ամեն ինչ դեմոկրատական է, բայց ոչ ոք չի կարող մեղադրել կառավարությանը և լիդերներին անսկզբունքայնության մեջ: Իսկ եթե հաստատվում է, ապա կրկին ամեն ինչ դեմոկրատական է, իսկ սեփական հանրությունը, գոնե, պատասխանատվությունը չի դնի միայն կառավարության վրա:

Ըստ իս, սիրիական հարցի ձգձգումը պետք է դիտարկել պատերազմի՝ որպես քաղաքական գործընթացի փուլերի սպեցիֆիկան հաշվի առնելով: Եվ այսպես, պատերազմ սկսելու համար պետք է հաշվի առնել իրավիճակային 3 մակարդակ, որոնք ունեն իրենց ենթամակարդակները. 1.նախապատերազմական իրավիճակ. կոնկրետ դեպքում սա ենթադրում է.

ա) ռուս-չինական տանդեմ, որը դեմ է ամերիկյան գրեթե բոլոր ռազմական նախաձեռնություններին, Սիրիան վերջին պատվարի դերում է, նահանջի տեղ չկա բ) սեփական հասարակությունների տրամադրությունները, որոնք հոգնել են պերմանենտ պատերազմական վիճակից, իսկ ամերիկյան հասարակությանը Վիետնամից հետո, կարծես, մշտապես հետապնդում է “պատերազմական սինդրոմը”

2. բուն պատերազմ. կոնկրետ դեպքում սա ենթադրում է. ա) կոնֆլիկտի էսկալյացիա, որը կարող է անկանխատեսելի, հետևաբար, անվերահսկելի դառնալ բ) էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքը կարող է բռնկվել կայծակնային անկայունությամբ, որն ի վիճակի է փլուզել համաշխարհային տնտեսական՝ առանց այն էլ փխրուն կայունությունը գ) երաշխիք չկա, որ Իրանը չի միջամտի ռազմական գործողություններին: Այդ դեպքում հաստատ կգործի քաղաքականության սիրելի էֆեկտներից մեկը՝ “դոմինոյի էֆեկտը” 3. հետպատերազմական իրավիճակ. կոնկրետ դեպում սա ենթադրում է.

ա) Սիրիայից հետո, եթե այն ընթանա ըստ պլանավորված սցենարի, առաջանալու է, այսպես կոչված, “Իրանի հարցը”, որը շատ ավելի լուրջ հարց է, այն շատ ավելի զորեղ երկիր է, զինված է ահռելի քանակությամբ հրթիռներով (հատկապես հայտնի են “Շահաբ” տիպի հրթիռները մինչև 2000 կմ հեռահարությամբ, որոշ տվյալների համաձայն՝ մինչև 2500 կմ):

Արդյոք կլինի բավարար ռեսուրս (խոսքը հիմնականում քաղաքական ռեսուրսի մասին է) հարվածելու գերհզոր ու լավ սպառազինված Իրանին, լրջագույն հարց է բ) “արաբական գարնան” կրկնողությունը, երբ գործընթացները դուրս են գալիս վերահսկելիությունից, անհայտ է, թե ինչ ուժեր կգան իշխանության, և արդյո՞ք կլնինի ռեժիմային կայունություն կամ վերահսկելի քաոս (հավանաբար հենց այս իրավիճակը հաշվի առնելով՝ Օբաման հայտարարեց, որ նպատակ չունի Ասադին տապալելու, և ԱՄՆ-ն հարվածներ է հասցնելու բացառապես ծովից ու օդից) Այսպիսով առաջացել է մեծ հարց. հարվածե՞լ Սիրիային, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպես և ում հետ:

Վերջին շրջանում Օբաման փոխել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունների իրականացման դոկտրինը, հիմա Վաշինգտոնը փորձում է կիրառել “առաջնորդում թիկունքից” կամ “առաջնորդում օդից” տակտիկան՝ խուսափելով ցամաքային գործողություններից, և հիմնականում գլխավոր հարվածը թողնելով դաշնակիցներին: Ինքը միայն բավարարվում է ռազմական հետախուզությամբ, օդում ինքնաթիռների վերալիցքավորմամբ և, այսպես կոչված, քաղաքական գործունեությամբ:

Բրիտանիան, Գերմանիան և մի շարք եվրոպական երկրներ ձեռնպահ մնացին, իսկ ում պետք է առաջնորդի թիկունքից, արդյո՞ք Ֆրանսիան կհամաձայնի հանդես գալ միայնակ առաջնորդվողի դերում, թե՞, այնուամենայնիվ, Սպիտակ տունը ստիպված կլնինի փոխել տակտիկան և վերադառնալ հին ժամանակներին: Գերմանիան և Մեծ Բրիտանիան խաղից դուրս են հայտարարել իրենց, հիմա խաղի մեջ է ամերիկյան Կենգրեսը, հնարավոր է, որ նրա՝ Սիրիային հարվածելու վճիռը Բեռլինին ու Լոնդոնին խաղի մեջ ներքաշի:

 

Արման Սահակյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ