Զարուհուն գործուղեցին Սյունիք. կոալիցիա ՀՀԿ-ի դե՞մ
Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու “Ժառանգություն”-ից առաջադրված Սամվել Հայրապետյանը շարունակում է քարոզարշավը: Այսօր նա Մեղրու տարածաշրջանում է:
Թեկնածուի մամուլի պատասխանատու Դավիթ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ թեկնածուին սատարելու են Հայ ազգային կոնգրեսն ու Հայ Յեղափոխական դաշանկցությունը: “Սրանք բայց բանավոր նախնական պայմանավորվածություններ են: Այդ կուսակցությունները կանեն պաշտոնական հայտարարություն”,-ասաց նա:
Սամվել Հայրապետյանը քարոզարշավը հիմնականում բակային հանդիպումների ձեւաչափով է անցկացնելու: “Իհարկե հանդիպմանը մարդիկ գալիս են, խոսում են իրենց խնդիրներից, բարձրացնում են սոցիալ-տնտեսական հարցեր”,-ասաց պատասխանատուն:
Ի դեպ, “Ժառանգությունը” Սյունիք է գործուղել Զարուհի Փոստանջյանին. նա ակտիվ կմասնակցի իրենց թեկնածուի քարոզարշավին: Մեր այն դիտարկմանը, թե խախտումներ ընտրական շտաբը արձանագրել է` Դավիթ Հակոբյանն ասաց, որ դեռ էական խախտումներ չկան:
Հիշեցնենք, այս ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարում են նաեւ ՀՀԿ-ից` Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն ու ինքնաառաջադրված, անկուսակցական, “Կապանի հաշավապահական հաշվառում” կենտրոնի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:
Քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 29-ին, իսկ այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր է մնացել, քանի որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: