«Իմ օրը սկսվում է երգով»
Ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանին հանրությությունն առավելապես ճանաչում է որպես բեմական գործիչ: Իսկ ինչպիսի՞ն է նա առօրյայում, ի՞նչ նախընտրություններ ունի, բնավորության ի՞նչ յուրահատուկ գծեր ունի… Այս և նմանատիպ այլ հետաքրքիր բլից հարցերով Henaran.am-ը դիմել է Գրիգոր Միրզոյանին:
-Գրիգո՛ր, սովորաբար ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը:
-Իմ օրը, սովորաբար, սկսվում է երգով: Քանի որ սուրճ չեմ նախընտրում, թեյ եմ խմում, այնուհետև դուրս եմ գալիս տանից ու գնում ստուդիա, համերգի, փորձի… այսպես:
-Ի՞նչը կուզենայիք փոխել Ձեր մեջ:
– Կարծում եմ՝ իմ մեջ մի փոքր համբերությունն է պակասում:
-Ի՞նչն է Ձեզ հունից հանում:
-Երբ ինձ խաբում են:
-Ինչո՞վ եք հիանում:
-Իմ ընտանիքով, ընկերներով և այն ամենով, ինչ ունեմ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Այս դեպքում հարցը մի քիչ փոխենք, վերաձևակերպենք. ես կասեմ՝ ումից եմ վախենում. Աստծուց:
-Ո՞ր բույրն է Ձեզ գրավում:
-Վարդի բույրը:
– Եթե ոչ Գրիգոր, ապա ուրիշ ինչպե՞ս են դիմում Ձեզ մտերիմները:
-Գրիգ:
– Ինչպիսի՞ն պիտի լինի Ձեր երկրորդ կեսը: Կա՞ն չափանիշներ, որոնց նա պարտադիր պետք է համապատասխանի:
-Որպես այդպիսին՝ հստակ չափանիշներ չկան: Ամենակարևորը՝ մենք պիտի կարողանանք իրար լավ հասկանալ: Քանի որ իմ մասնագիտությունը որոշ դեպքերում շատ բարդ է, մեր միջև պետք է փոխվստահություն լինի, որպեսզի խնդիրներ չառաջանան:
-Դեմ չէի՞ք լինի, որ Ձեր երկրորդ կեսը լիներ հենց ձեր ասպարեզից:
-Իհարկե, ո՛չ:
-Հակառակ սեռի ներկայացուցիչների մեջ հատկապես որ՞ հատկանիշներն եք կարևորում:
-Իհարկե, հաճելի է, երբ աղջիկը գեղեցիկ է, բայց, ամեն դեպքում, ես առավելապես կարևորում եմ մարդու ներքին գեղեցկությունը, ինտելեկտը և այլոց հասկանալու ու ընկալելու կարողությունը:
-Շատերը պնդում են՝ աղջկա ու տղայի միջև ընկերություն չի լինում, քանի որ ի վերջո, մեծ մասամբ, եթե ոչ երկուսը, ապա գոնե կողմերից մեկը սիրահարվում է մյուսին. ի՞նչ կասեք այս մասին:
-Իհարկե, Ձեր ասած դեպքը կարող է լինել, այսինքն՝ որ ի վերջո սիրահարվեն միմյանց: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ աղջկա և տղայի միջև կարող է լինել ընկերություն: Ես ինքս էլ ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր աղջիկներ են:
-Սերիալներ դիտո՞ւմ եք կամ նախկինում դիտե՞լ եք:
-Ո՛չ, չեմ հասցնում: Բայց փոքր ժամանակ երևի դիտել եմ (ժպտում է-հեղ.): Ես սիրում եմ դիտել մեր հայկական հին ու լավ կինոները՝ «Մենք ենք, մեր սարերը», «01-99», «Ոսկե ցլիկը»…
-Զգայո՞ւն եք կամ զգացմունքային:
-Այո՛, կարծում եմ՝ զգայուն եմ, բայց երբեք դա ցույց չեմ տալիս:
-«Աստղային հիվանդությունը» Ձեզ ծանո՞թ է: Հավանական համարո՞ւմ եք, ո մի օր Դուք էլ «հիվանդանաք» այդ հիվանդությամբ:
-Ո՛չ: Ես չեմ «հիվանդանա» այդ հիվանդությամբ, քանի որ, եթե դա ինձ ծանոթ լիներ, այդ երևույթն արդեն իսկ կլիներ իմ մեջ: Իմ ընկերները և մտերիմները ևս կարող են վկայել այն մասին, որ ինձ մոտ նման բան չկա և չի էլ եղել:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը: