18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ակնկալում են հրապարակային պարզաբանում. բաց նամակ նախագահին

Ներկայացնում ենք ”Շիրակ կենտրոնի” նախագահՎահան Թումասյանի բաց նամակը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար
Սամվել Թադևոսյանին

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

   Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:

Մուշ – 2/2 թաղամասի նորակառույցների մեծ մասը գազաֆիկացված չէ, իսկ մյուս՝ մի փոքր մասի բնակիչներին էլ չի թույլատրվում օգտվել ջեռուցման սարքերից՝ բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներին չհամապատասխանող ծխատարների կառուցման պատճառով: Ավելին, նորակառույցի բնակիչներին մինչև օրս նույնիսկ հնարավորություն չի տրվել սեփականաշնորհել իրենց ստացած նոր բնակարանները:

Մենք հիշում ենք, որ նախորդ տարի դուք ինչպես Գյումրու, այնպես էլ Ախուրյան և այլ գյուղական համայնքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակներում հաշվառված, վաղուց շարքից դուրս եկած խարխուլ վագոն-տնակներում և շենք-շինություններում մի կերպ պատսպարված հարյուրավոր ընտանիքներին խոստացաք շարունակել բնակարանային շինարարությունը և 2012-2013 թթ. շահագործել Գյումրիում՝ 400-450, Ախուրյանում՝ 130-140, Շիրակի մարզի տասնյակ այլ գյուղական համայնքներում էլ՝ տասնյակ բնակարաններ: Սակայն մոտ մեկ տարի է, ինչ Շիրակի մարզում երկրաշարժից անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շինարարական աշխատանքներն ամբողջովին դադարեցված են և անգամ անհայտ է, թե բնակարանաշինությունը ե՞րբ է վերսկսվելու:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Ուզում ենք հավատալ, որ Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում բնակարանաշինության դադարեցումը, ի հեճուկս “չար լեզուների”, որևէ կապ չունի ընտրական գործընթացների և ընտրություններին այս կամ այն թեկնածուների օգտին տրված ձայների քանակի հետ:

Ուստի դիմելով ձեզ, ակնկալում ենք ձեր հրապարակային պարզաբանումը հանրությանը և հատկապես անօթևան ընտանիքներին, թե ի՞նչ ճակատագիր է սպասում աղետի գոտուն, ե՞րբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները, վերջապես ե՞րբ են Մուշ – 2/2 նորակառույց թաղամասում տեղ գտած շինարարական թերությունները շտկվելու, բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք, և ի վերջո՝ մեր աղետյալ հայրենակիցները անգամ քառորդ դար հույս ու հավատով սպասելուց հետո վերջապես ե՞րբ են օգտվելու պատշաճ բնակարան ունենալու տարրական իրավունքից:

“Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

Գյումրի

2013 թ. օգոստոս 30

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ