24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթք անպտուղ զույգերի համար

Այսօրվա Աստվածանչյան ընթերցումն է Եբրայեցիների նամակի 11:1-31, որը կարող եք կարդալ այստեղ: Այսօրվա մեր աղոթքները, սիրելիներ, պիտի ուղղենք դեպի բավականին տարածված մի խնդիր, որ առկա է բազմաթիվ երիտասարդ ընտանիքներում, դեպի երեխա չունենալու խնդիրը։ Հայաստանում, օրինակ, այս խնդրին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք։ Ամեն նորաստեղծ ընտանիքի համար սիրո սպասված պտուղ են զավակները, սակայն երբեմն առողջական կամ հոգեբանական խնդիրների պատճառով ստիպված են լինում տարիներ սպասել։ Այս խնդիրների շարքում չպետք է մոռանալ նաև հոգևոր խնդիրները, երբ զավակի ակնկալությամբ ծնողները թակում են այս կամ այն խաբեբայի, գրբացի և բուժակի դուռը և կամ հուսահատված թիկունք են դարձնում Աստծուն։ «Այն ինչ մարդկանց համար անհնար է, Աստուծո համար հնարավոր է»,- ասում է Սուրբ Գիրքը, և ամեն տեսակ հարցի, անգամ անպտղության հիմքում դնում է հավատքի զորավոր ներկայության անհրաժետությունը։

Աստվածաշունչը լեցուն է ամուլ զույգերի օրինակներով և նրանցից ամենահայտնին Աբրահամը և Սառան են, որոնց Աստված զառամյալ տարիքում պարգևեց Իսահակին։ Ահա թե ինչ է Պողոս Առաքյալը գրում այդ մասին այսօրվա ընթերցումի մեջ` «Հաւատով ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմը ստանալու զօրութիւնն ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը: » (Եբր. 11:11):

Սիրելիներ, եկեք մենք էլ մեր հավատքը մեկ դարձնենք հանուն նման ընտանիքների (վստահ եմ` ձեր շրջապատում ունեք օրինակներ) աղոթենք, որպեսզի Աստված նրանց ներսում ամրացնի սերը, մեծացնի հույսը և զորացնի հավատքը, որպեսզի հավատքից հրաշքներ ծնվեն։ Այսօրվա մեր աղոթքը ՄԱՇՏՈՑ ծիսամատյանից է, մի աղոթք, որը հոգևորականները ընթերցում են դժվարածին կանանց համար։ Աղոթքը օրվա խորհրդածությանը համապատասխանեցված ներկայացնում ենք ստորև, իսկ բնօրինակը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ: Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի:

Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի.

«Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Օրհնվեք…

Աղբյուրը՝ sarkavagagirq.net

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ