“Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ ս … “
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, կիրակի՝ հուլիսի 21-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության Սիսիանի կառույցի ղեկավար, Սիսիանի մաքսակետի տնօրեն Աշոտ Մինասյանի որդու բանակի քեֆի արարողությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Աշոտ Միանսյանի “Կանթեղ” ռեստորանում: Ականատեսների պատմելով, ի տարբերություն վերջին շրջանի, Սուրիկ Խաչատրյանի տրամադրությունը բարձր է եղել:
Միջոցառմանը մասնակից պաշտոնյաները՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Սիսիանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանը եւ այլոք Խաչատրյանին դիմում էին “պարոն մարզպետ”-ով:
Սակայն երեկ նախկին մարզպետը չի փորձել ուղղել իրեն դիմողներին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատրյանը հատկապես նեղսրտվել է Սիսիանի քաղաքապետից, ով հարցազրույցներից մեկում ասել էր, որ վերջին քսան տարում Սիսիանում ոչ մի աշխատանք չի արվել:
“Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար”,-հարցրել է Խաչատրյանը Աղասի Հակոբջանյանին:
“Պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ոնց կարող էի ձեր արածը կորցնել”,-արդարացել է ԲՀԿ-ական քաղաքապետը: