Նախագահին դիմելուց հետո էնքան գնաց քաղաքապետարան եկավ՝ զզվեց … /վիդեո/
Ստեփանավանի բնակիչ, ՀՀ քաղաքացի, ազգությամբ գերմանացի, երկրորդ կարգի հաշմանդամ 23-ամյա Լեոնիդ Ֆրիչը երկու շաբաթ առաջ մեկնել է Մոսկվա: Այս մասին Henaran.am-ին պատմեց նրա մայրը՝ տիկին Սիլվան, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք Լեոնիդին աշխատանք տվել են:
Հիշեցնենք, նախագահական ընտրությունների քարոզարշավին՝ այս տարվա հւոնվարի 30-ին երիտասարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել էր աշխատանքի խնդրանքով: “Ես չեմ ուզում գնալ այստեղից, ես սիրում եմ Հայաստանը, օգնություն չեմ խնդրում, այլ աշխատանք, որ կարողանամ ամուսնանալ”,-ասել էր երիտասարդը:
“Էնքան գնաց քաղաքապետարան եկավ՝ զզվեց: Ասում էին, մեզ ոչ մեկը բան չի ասել, բեմից ասվածը հիմք չի: Հետո ասացին՝ տեղյակ ենք, էսօր գնա, վաղը արի ու էդպես չդիմացավ: Ասաց մամ, դժվար ա լինելու, գնամ փող աշխատեմ ու հետ գամ”,-պատմեց տիկին Սիլվան: Մոր խոսքերով, ինքը չի ուզում տղան հետ գա, թեկուզ սոված թող մնա Մոսկվայում:
“Ասի բալաս, դու ազգային փոքրամասնություն ես, կասես, որ քեզ լավ չեն նայել, սա երկիր չի, բայց Լեոնիդս բարկացավ վրաս: “Ասաց` չեմ կարա, հո խայտառակ չեմ անելու Հայաստանը”՞,-հուզված պատմեց մայրը:
Հուլիսի 4-ին է գնացել, սակայն դեռ աշխատանք չի գտել: “Եթե ստեղ գործ տան, հետ կգա, բայց չեմ հավատում”,-ասաց տիկին Սիլվան եւ ներողություն խնդրելով` անջատեց հեռախոսը:
Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքն անձամբ է մի քանի անգամ եղել Լեոնիդի տանը:
“Հանդիպել եմ, խոսել ենք, առաջարկել եմ արհեստագործական դպրոցում մի արհեստ սովորի, որ կարողանա նստած աշխատել: Բայց չգիտես ինչու մերժել է քաղաքապետարանի առաջարկը”,-ասաց տեղակալը:
Վերջինս խոստացավ հետաքրքրվել, թե որտեղ է Լեոնիդը, մեկ անգամ եւս խոսել նրա հետ: “Կփորձեմ նորից խոսել: Ասեմ նաեւ, որ քաղաքապետարանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, մրցույթով են ընդունվում եւ այդ երիտասարդի կրթությունը չի համապատասխանում համայնքապետարանում աշխատելուն”,-զրույցը եզրափակեց Ռոստոմ Քոչարյանը:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ հաշմանդամ երիտասարդը դիմում է ՀՀ նախագահին: