25-ամյա երիտասարդը ոտքով անցել է ԱՄՆ-ի մի ծայրից մյուսը
Ամերիկացի Նիք Կլեկները ոտքով անցել է ողջ երկրով: Նա իր ճամփորդությունն սկսել է ապրիլի 5-ին եւ ավարտել սեպտեմբերի 30-ին: Ֆլորիդա նահանգի Ատլանտիկ Բիչից մինչեւ Քալիֆորնիայի Հանթինքգթոն Բիչը հասնելու համար 25-ամյա երիտասարդից 178 օր է պահանջվել: Նիքն ավելի քան 4 հազար կմ է հաղթահարել:
Նիքի խոսքով` ժամանակին նա շատ հարմարավետ կյանքով է ապրել, շփվել հարազատ մարդկանց հետ եւ ոչնչի կարիք չի ունեցել: Սակայն մի օր նա հասկացել է, որ սկսել է չգնահատել կյանքը, ամեն ինչ միօրինակ եւ կանխատեսելի է դարձել: Այդ պատճառով էլ որոշել է ոտքով ճանապահորդություն սկսել` առանց փողի անցնել երկրի մի ծայրից մյուսը:
2012-ի ապրիլին Քալիֆորնիայի բնակիչ Նիքը Ֆլորիդայի տոմս է գնել, մեկնել երկրի մյուս ծայրը եւ սկսել այնտեղից իր ճամփորդությունը: Նա իր հետ վերցրել է իր iPod Touch-ը` նախօրոք վճարված ինտերնետով, որի օգնությամբ ճանապարհից նկարներ է ուղարկել մորը: Վերջինս դրանք տեղադրել է ճամփորդությանը նվիրված բլոգում:
“Թափառական Նիք” մականունն ստացած երիտասարդը գիշերել է որտեղ պատահի, սնվել է շատ հազվադեպ: Նա նշել է, որ ճանապարհին իրեն շատ բարի մարդիկ են հայտնվել, ովքեր նրան հագուստ, սնունդ եւ նույնիսկ փող են տվել: “Իմ ճամփորդության գլխավոր բացահայտումը մարդկային բարությունն էր: Նախկինում ես վատ կարծիք ունեի մարդկանց մասին”,-խոստովանել է ճամփորդը:
Նիքին Ամերիկայում համեմատում են համանուն հայտնի գրքի հերոս Ֆորեսթ Գամփի հետ, ով եւս նմանատիպ ճամփորդություն է կատարում: