Դեյվիդ Բլեյնը 3 օր կանցկացնի էլեկտրական հոսանքի ազդեցության տակ
Ամերիկացի իլյուզոնիստ Դեյվիդ Բլեյնը նոր հնարք է մտածել` նա 3 օր ու գիշեր կմնա էլեկտրական հոսանքի ազդեցության տակ: 39-ամյա իլյուզոնիստի խոսքով` հոսանքը մեկ միլիոն վոլտ կկազմի: Բլեյնի արտասովոր շոուն կցուցադրվի Նյու Յորքում: Հնարքի հեռարձակումը կցուցադրվի “YouTube”-ում:
Նրանք, ովքեր ներկա կգտնվեն շոուին, կարող են մասնակցել դրան` վերահսկելով էլեկտրական հոսանքը տրասֆորմատորի օգնությամբ: Բացի այդ, հանդիսատեսի համար վերահսկող ինտերակտիվ կետեր կլինեն նաեւ Լոնդոնում, Պեկինում, Սիդնեյում եւ Տոկիոյում, որտեղ հանդիսատեսը եւս կարող է վերահսկել հոսանքը:
“Electrified: One Million Volts Always On” շոուն Բլեյնն անվանել է իր կյանքի ամենանպատակային նախագիծը: Շոուի ընթացքում նրան չի թույլատրվի ուտել կամ քնել: Նա միայն ջուր կխմի հատուկ անոթից` ձողիկի օգնությամբ:
Նախորդ հնարքը Բլեյնը ցուցադրել է 2008-ին: Այդ ժամանակ նա 60 ժամ ոտքերը վեր կախված է մնացել Նյու Յորքի կենտրոնական այգում: Նրա հայտնի հնարքներից են նաեւ սառույցի կտորի վրա շատ երկար նստելը եւ ջրի տակ 17 րոպե եւ 6 վայրկյան շունչը պահելը: