Երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը
ՅՈՒՆԻՍԵֆ-ի նոր, ազդեցիկ ֆիլմը զուգահեռներ է անցկացնում դեռահաս սիրիացի փախստականի և Երկրորդ աշխարհամարտը վերապրած փախստականի պատմությունների միջև՝ որպես խոսուն ապացույց այն մարտահրավերների, որոնց շարունակում են հանդիպել փախստական երեխաներն իրենց ճանապարհին:
120 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որ նկարահանվել է «180 Ամստերդամ» ստեղծագործական ընկերության կողմից, անցում է կատարում 12-ամյա դամասկոսցի Ահմեդի և Բեռլինցի 92-ամյա Հարիի պատմությունների միջև: Ֆիլմի ընթացքում հերոսները ներկայացնում են իրենց անհատական պատմություններն այն մասին, թե ինչպես են ստիպված եղել փախչել իրենց տներից և սարսափազդու ճանապարհորդության միջով անցնել՝ անվտանգ վայր գտնելու ակնկալիքով: 70 տարվա տարբերությամբ՝ երկու պատմությունները շատ նմանություններ ունեն. ֆիլմում միահյուսվում են սիրիացի փախստականների մասին պատմող և Երկրորդ աշխարհամարտի պատմական նկարահանումները:
Ֆիլմի մեջ Ահմեդն ու Հարին սարսափազդու մանրամասներ են ներկայացնում իրենց ապրածից. պատմում են դպրոցների և տների վրա հարձակումների, հանուն կյանքի իրենց փախուստի, ծովով և ցամաքով վտանգավոր ճանապարհորդության մասին:
Հարին ի վերջո ապաստանում է Միացյալ Թագավորությունում, որտեղ և ապրում է մինչև այսօր, մինչդեռ Ահմենդը ապահով հանգրվան է գտնում Շվեդիայում, որտեղ միանում է իր ընտանիքին և նորից սկսում դպրոց հաճախել:
Ողջ աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել, որից 28 միլիոնը տեղահանվել է ոչ իր կողմից հրահրված հակամարտությունների պատճառով: Միլիոնավոր այլ երեխաներ շարունակում են գաղթել՝ ավելի բարեկեցիկ ու ապահով կյանքի ակնկալիքով:
Հակամարտությունների և բռնության պատճառով հաճախ տրավմաների ենթարկված երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ ցամաքով և ծովով ճանապարհորդելիս թերսնուցվելու, ջրազրկվելու, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով:
«Փախստականների կարիքնեը երբեք այսքան մեծ չեն եղել: Հիմա, ավելի քան երբևէ, նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Հուսանք, որ այս հոլովակը կհիշեցնի, որ վերնագրերի ներքո երեխաների ոչ մտացածին պատմություններ են. ոչ թե փախստականների, ոչ թե միգրանտների, այլ՝ երեխաների, ում միակ երազանքն անվտանգ լինելն է և պայծառ ապագայի հնարավորությունը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հաղորդակցման վարչության պետ Պալոմա Էսկուդերոն (Paloma Escudero): «Այսօր աշխարհի փախստականների կեսը երեխաներ են, ի հեճուկս այն փաստի, որ նրանք աշխարհի բնակչության մեկ երրորդից էլ պակաս թիվ են կազմում: 2015թ.-ին փախստական երեխաների 45 տոկոսը միայն երկու երկրից են եղել՝ Սիրիայից և Աֆղանստանից, մինչդեռ աշխարհի փախստական երեխաների մոտավորապես երեք քառորդը ընդամենը10 երկրից են: Սիրիային է բաժին ընկնում աշխարհի փախստական երեխաների ամենամեծ թիվը. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (UNHCR) գրանցված է ավելի քան 2.3 միլիոն սիրիացի փախստական երեխա, մնացած 1.3 միլոնը Աֆղանստանից է: