26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հնարավոր է Հայաստանը նոր զինատեսակներ արտադրի. Փաստ

Թերթր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը: 

-Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե’ զինատեսակներ, թե հակառակորդի զինատեսակները չեզոքաց­նող միջոցներ, որոնք տարբերվում են և’ իրենց մատչելիությամբ, և’ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա ակնհայտ է, որ եթե ռազ­մարդյունաբերական ոլորտը, զենքերի արտադրությունն ու արդիականացումը ճիշտ կազմակերպվեն, ապա հայկական տեխնոլո­գիական ոլորտը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիա­կան զինատեսակների առումով ոչ միայն հե­տընթաց չապրի, այլև գերիշխող դիրք ձեռք բերի ժամանակակից զենքի կիրառման առումով:

֊Դուք նշեցիք, որ մոբիլիզացիայի ար­դյունքում տարբեր նախագծեր էին մշակվել: Եթե գաղտնիք չէ, դրանք ո՞ր ուղղու­թյուններին էին վերաբերում:

֊Հակառակորդի ԱԹՍ-ի հայտնաբերում ու խոցում, կառավարվող հարձակվողական միջոցներ, բանակի կառավարման թվային միջոցներ, գաղտնագրված կապի միջոցներ: Բացի այդ, որոշակի աշխատանք ենք կատարել նաև բանակի կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ:

-Որքան գիտեմ, այդ նախագծերից մի քանիսի մասով ՊՆ-ի հետ պետք է փոր­ձարկումներ իրականացվեին: եթե գաղտ­նիք չէ. խոսքը կոնկրետ ինչ նախագծերի մասին է, արդյո՞ք փորձարկումներն արդեն սկսվել են, և ինչ արդյունքներ են գրանցվել:

-Մի շարք զինատեսակների փորձարկումներն արդեն անցկացվել են: Եվ մենք շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրու­թյանը: Բայց թե կոնկրետ ինչ զինատեսակ­ների մասին է խոսքը, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Սակայն քանի որ այս ընթացքում մենք հիմնականում օգտա­գործել ենք ժամանակակից տեխնոլոգիանե­րի հատվածները, այսինքն՝ էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկական տատանումներ, ապա մեզ համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք կարող են մեր մշակած զինատեսակները մեծ քանակու­թյամբ արտադրել:

-Հայաստանում այսօր գործում է 4-5 ռազմական ձեռնարկություն: Դրանք բավարար չե՞ն, թե՞ նոր զինատեսակների արտադրությունը պահանջում է նոր ձեռ­նարկություններ:

֊Կոնկրետ զինատեսակի արտադրության համար ձեռնարկությունը պետք է ունենա հատուկ պայմաններ և հատկանիշներ: Եթե ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական ոլորտը ճիշտ օգտագոր­ծենք, ապա ձեռնարկությունների քանակը կարող է հասնել տասնյակների: Իսկ եղածնե­րը Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերության կործանված համալիրի բեկորներ են ընդամենը: Իսկ այդ համալիրը լրջորեն վերականգնելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

֊Եթե ստեղծվի զենքի զանգվածային ար­տադրություն, գուցե հնարավոր լինի խոսել նաև արտահանմա՞ն մասին:

֊Կարծում եմ, որ արդեն այսօրվանից պետք է մտածել այդ մասին: Մեր փորձար­կումների դրական արդյունքները ցույց են տալիս, որ պետք է առանձին ջանքեր ներդ­նել զենքի մարկետինգի ուղղությամբ: Այդ ոլորտը շատ մեծ, բայց դեռ բոլորովին անմ­շակ դաշտ է:

֊Բարձր տեխնոլոգիական զենքի ար­տադրության համար այսօր ի՞նչ լուրջ խոչընդոտներ կան:

֊Ամենամեծ խնդիրը կրթությունն է: Մենք սկսել ենք ինժեներական կրթություն ներդ­նել դպրոցներում: Նախ պետք է կարողա­նանք այդ ծրագիրն ավարտել, որպեսզի բո­լոր դպրոցներում լինեն ինժեներական լա­բորատորիաներ: Երկրորդ, Պոլիտեխնիկին պետք է վերադարձնել իր նախնական նշա­նակությունը՝ այն պետք է լինի գիտափոր­ձարարական հաստատություն և սպասար­կի մեր բանակի խնդիրները: Նաև` Պետհա­մալսարանում պետք է լինեն գիտահետազո­տական խմբակներ, որոնք առաջ կհանեն ոլորտը:

ժամանակակից զինատեսակները պահանջում են ժամանակակից գիտելիքների տիրապետող զինվորներ և սպաներ: Ցավոք, առայժմ մենք չունենք լուրջ հաստատություն­ներ, որոնք կարող են բանակն ապահովել նոր զինատեսակների տիրապետող մեծա­քանակ մասնագետներով:

Կարծում եմ, նպատակահարմար է` մեր կողմից դպրոցնե­րում ստեղծված ինժեներական 190 խմբակ­ներն օգտագործել նման մասնագետներ պատրաստելու համար: Այսինքն, երիտա­սարդները դեռ դպրոցում պետք է ծանոթա­նան նման սարքերի կառավարման հմտու­թյուններին և արդեն բանակում ունակ կլի­նեն դրանք կիրառել ավելի պրոֆեսիոնալ ձևով: Այդ ձևով մենք կկարողանանք մեղմել այն բացը, որն այսօր կա նման զենքերի կա­ռավարման առումով:

Մյուս խնդիրը: Մենք պրոբլեմ ունենք ձեռ­նարկությունների հետ կապված: Էական է, որ բանակի հետ շփումները չդառնան ձեռ­նարկությունների կործանման պատճառ: Այ­սինքն բանակը պետք է ճշգրտորեն կատա­րի իր ֆինանսական պարտավորությունները: Ցավոք, մինչ այժմ մենք դա չենք ունեցել, բայց հուսանք` կլինի:

֊Այսօր կառավարությունը որդեգրել է «ազգ֊բանակ» կոնցեպտը: Դրանից ելնելով` մասնավոր հատվածի հետ համագործակ­ցությունը փոխվե՞լ է: Նոր մոտեցումներ որ­դեգրվե՞լ են:

֊Կարևորը, որ «ազգ֊բանակ» կոնցեպտի գիտակցությունը բանակում կա: Բայց լուրջ հարց է, թե այդ գիտակցությունը որքանով կօգնի, որպեսզի կատարվեն կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի,ազգի նե­րուժը ծառայի բանակին և հակառակը: Մինչ այժմ հատուկ քայլեր, գործողություններ չենք տեսել, որ դրանք նախատեսվում են, եւ գուցե շատ շուտով իմանանք դրանց մասին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ