Սիրուշոն ու Լևոնը ուղիղ կեսգիշերին ծաղկեփնջով շնորհավորել են Սյուզան Մարգարյանին
Այսօր` հոկտեմբերի 6-ին, Սյուզան Մարգարյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ օրվա առաջին րոպեներից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ, ինչպես նաեւ նվերներ է ստանում :).“Առաջին ծաղկեփունջը ստացել եմ ամուսնուցս, երբ ուշ երեկոյան միասին քայլում էինք: Իսկ ուղիղ ժամը 00:00-ին Սիրուշոն ու Լեւոնը մտան մեր տուն, օրս սկսվեց ծաղկեփնջով ու տոնական տրամադրությամբ”:
Նրա փոխանցմամբ` քանի որ այս տարի 51-րդ տարեդարձն է, նախապես որոշել էր չնշել, բայց առաջիկա օրերին խնջույք կկազմակերպի. “Այնպես ստացվեց, որ դրսից հյուրեր ունենք, մեր մտերիմ ընկերներն են, անպայման կհավաքվենք: Սիրում եմ ճիշտ օրը նշել, բայց անցյալ տարի քանի որ Սիրուշոն 50-ամյակիս օրը Երեւանում չէր, մի քանի օր հետո նշեցինք, եւ այնքան տոնական անցավ, որ ճիշտ օրը նշելու համոզմունքս անցավ: Երբ էլ նշվի, կարեւորը միասին հավաքվում ենք ու ջերմ օր անցկացնում”:
Սյուզան Մարգարյանի հավաստմամբ` չունի սիրելի ու չսիրած նվերների ցանկ, ցանկացած ուշադրություն իրեն ոգեւորում է. “Ես գնահատում եմ լավ վերաբերմունքը, այդքան չեմ կարեւորում նվերի պարունակությունը, չկա այդպիսի բան, որ չընդունեմ: Ուրախ տրամադրություն պարգեւող զանգերը, մարդկանց ջերմությունը չեն թողնում, որ տխրեմ: Շատ լավ է, որ չեն թողնում մտածեմ տարիքիս մասին”: