27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանական մամուլի անդրադարձը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ որոշմանը

Գերմանական մամուլը արձագանքել է Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրախորհրդի որոշմանն ու Էրդողանի սպառնալիքներին:

«Der Spiegel» շաբաթաթերթի՝ «Էրդողանի ղեկավարած Թուրքիան և Եվրամիությունը միմյանց չեն համապատասխանում» խորագրով հոդվածում հեղինակը նշում է, որ իշխանության գալուց ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի անգամ փոխակերպվել է: Նախ նա եղել է իսլամիստ, ապա կարճ ժամանակով՝ բարեփոխիչ, իսկ վերջին շրջանում վերածվել է ընդդիմադիրներին ճնշող իսկական բռնապետի:

«Եվրոպայում որոշները հույս ունեն, թե Թուրքիայի նախագահը կրկին ուշքի կգա և կդառնա ժողովրդավարության կողմնակից բարեփոխիչ, սակայն ակնհայտ է, որ դա չի լինելու: Արդեն վաղուց Էրդողանի կողմից կիրառվող միակ մեթոդը լարվածություն ստեղծելն է»,- գրում  աղբյուրը:

Հեղինակը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը միանգամայն տեղին էր:

«Եվրախորհրդարանի որոշումը նաև ուղերձ էր Լեհաստանի և Հունգարիայի՝ Էրդողանին ընդօրինակող առաջնորդներին. Լրագրողներին բանտարկողները, դատական համակարգը ստրկացնողներն ու փոքրամասնություններին հալածողները Եվոպայում տեղ չունեն»:
«Welt am Samstag» թերթը գրում է, որ երկկողմ բանակցությունների դադարեցումից ավելի շատ կտուժի Թուրքիան: Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայում կատարվող ներդրումների 70 տոկոսը ԵՄ երկրներից է գալիս և Թուրքիայից կատարվող արտահանումների 455 տոկոսն ուղղվում է դեպի ԵՄ երկրներ:

«Էրդողանի տնտեսական հզորությունը հիմնված է այս հանգամանքի վրա, ուստի նա դա  չի վտանգի»,- գրում է աղբյուրը:

«Frankfurter Allgemeine Zeitung»-ը «Թուրքերն արդեն չեն խոսում» վերնագրի ներքո ուշագրավ հոդված է հրապարակել: Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի քաղաքացիների մեծ մասն արդեն վախենում է հայրենիքի դավաճան հռչակվելուց:

Հեղինակը գրում է, որ 4 տարի առաջ Թուրքիայի ցանկացած մարդաշատ վայրում՝ օդանավակայաններում, վարսավիրանոցներում, տրանսպորտում մարդիկ անծանոթներին ազատորեն պատմում էին իրենց խնդիրները, երկրում իրենց դուր եկած ու չեկած երևույթները, մանրամասնում իրենց քաղաքական հայացքները: Մինչդեռ այսօր որևէ մեկը ոչ միայն անծանոթների, այլև սեփական շրջապատի հետ չի համարձակվում անկեղծանալ, կարծիքներ արտահայտել:

«Մարդկանց մի մասը մտածում է այստեղից շուտափույթ հեռանալու մասին, քանի որ վախենում են, որ վիճակն ավելի կվատանա: Մտավախություն կա, որ Էրդողանը ապրելու պայմաններ չի թողնի նրանց համար, ովքեր իրենից տարբեր են մտածում», – գրում է թերթը:

Իսկ «Süddeutsche Zeitung» պարբերականը անդրադարձել է Էրդողանի ՝փախստականներին կրկին Եվրոպա ուղարկելու սպառնալիքին: Հոդվածի հեղինակը համոզմունք է հայտնել, որ դրանք միայն դատարկ սպառնալիքներ են: Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ներկայումս Թուրքիայից հեռանալ ցանկացողների մեջ մեծ թիվ են կազմում հենց թուրքերը:

«Անհնար է, որ Էրդողանը բացի սահմանները նրանց առաջ, քանի որ միակ վայրը, ուր կցանկանար նա ուղարկել իր քաղաքացիներին, դա բանտն է»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ