27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օբաման Եվրոպայում իր վերջին ճիգերն է գործադրում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպա կատարած այցի ժամանակ իր վերջին ճիգերը գործադրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակելու ուղղությամբ, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Թրամփը փորձելու է բարիդրացիական հարաբերոթյուններ հաստատել ՌԴ-ի հետ:

Օբաման սկզբում եղավ Աթենքում, իսկ ապա ժամանեց Բեռլին, որտեղ էլ նոյեմբերի 18-ին գագաթաժողովի ընթացքում հնարավորություն ունեցավ հրաժեշտ տալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի իր գործընկերներին: Հանդիպումների օրակարգի բաղկացուցիչ մասն էին կազմում ուկրաինական և սիրիական հարցերը, հետևաբար նաև՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Daily Express» պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը նշանավորվել է ռուս-ամերիկյան հարաբերություններում «նոր փուլի» մեկնարկով, ինչը խուճապ է առաջացրել ԵՄ առաջնորդների շրջանակներում:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը շեշտել են երկկողմ հարաբերությունները բարելավելու կարևորությունն ու սիրիական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունը: «Reuters» լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ԵՄ պետություններին ստիպել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել սիրիական պատերազմում ՌԴ-ի կողմից իրականացված գործողությունների համար: Իսկ Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնը կոչ է արել բոլոր պետություններին՝ պահպանել ՌԴ պատժամիջոցները:

Այդ ընթացքում ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հասցրեց նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ Պետդումայում Ղրիմը ներկայացնող ևս 6 պատգամավորների նկատմամբ: Այդ քայլը ՌԴ ԱԳՆ-ում որակեցին որպես Օբամայի հեռացող վարչակազմի բացարձակ սնանկ քաղաքականության դրսևորում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը զբաղվում է նոր օրինագծի մշակմամբ, որը պատասխան կհանդիսանա Ուկրաինայում և Սիրիայում ՌԴ գործողություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ազդելու փորձին: Ավելին, Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որը ենթադրում է նոր պատժամիջոցներ Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցներ ՌԴ-ի ու Իրանի նկատմամբ:

Ուժի մեջ մտնելու համար օրինագծերը պետք է ստանան Սենատի և ԱՄՆ նախագահի հավանությունը: Եվրոպական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկեցին ՌԴ պատժամիջոցները պահպանելու անհրաժեշտությունը: Նախագահ Օբաման նախ և առաջ կոչ արեց ԵՄ երկրների ղեկավարներին համագործակցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, ապա հայտարարեց, որ հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն միայն ուկրաինական հարցի կարգավորման դեպքում, բայց ներկայումս դրանք դեռ երկարաձգման ենթակա են: Գագաթաժողովի ընթացքում թեև քննարկվեցին ուկրաինական և սիրիական հարցը, սակայն կողմերն առայժմ ձեռնպահ մնացին Սիրիայի հարցում հակառուսական պատժամիջոցներ սահմանելուց:

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները տնտեսական տեսանկյունից խիստ անբարենպաստ են Եվրոպայի համար, սակայն «եվրոպական արժեքներին» հետևելն ավելի կարևոր է: Այսպիսով, երկու ամիս անց պաշտոնից հեռացող Օբաման հասավ նրան, որ իր եվրոպացի գործընկերները հավատարմության խոսք հայտնեն՝ տնտեսական շահը դնելով մի կողմ և հետևելով «արևմտյան արժեքներին»:

Վալյա Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ