Փորձառու Քլինթոն vs բինզեսմեն Թրամպ. Մարտահրավերներ, որոնց առջև կանգնելու է ԱՄՆ հաջորդ նախագահը
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ ու աշխարհը հետևում է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը: Մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ հաղթելու է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ ներկայիս նախագահն արդեն իսկ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին: Օբաման հայտարարել է, որ Քլինթոնը երբևէ առաջադրված լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի համար: Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնն ասել է, որ Օբամայի աջակցությունն «ամեն ինչ» է իր համար: Նա ասել է, որ ինքը և Օբաման երբեմնի անզիջում հակառակորդներից վերածվել են մտերիմ ընկերների:
Gallup միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված հարցումների համաձայն՝ աշխարհի ավելի քան 45 երկրներից 44200 մարդ, այսինքն՝ բնակչության 75%-ն աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Քարոզարշավի ընթացքում նախագահի երկու թեկնածուները մեկը մյուսի ծրագրի վերաբերյալ տարաբնույթ քննադատություններով են հանդես գալիս:
Թրամպը Քլինթոնի հարկային պլանը համարել է աղետալի և հայտարարել, որ պատրաստ է չեղարկել Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու շուրջ համաձայնագիրը և այլ ծրագիր ընդունել, որը շահավետ կլինի ԱՄՆ-ի համար: Քլինթոնն ի պատասխան հայտարարել է, որ նա 30-տարվա քաղաքական փորձ ունի, այն դեպքում երբ իր հակառակորդը չի կարող պարծենալ:
Իսկ ինչպիսի՞ն է երկու նախագահների հարկային պլանը: Քլինթոնի հարկային պլանը հետևյալն է. ովքեր տարեկան $250 հազարից պակաս եկամուտ ունեն, ապա նրանց համար հարկերը չեն բարձրացվելու: Այն ընտանիքները, ովքեր տարեկան ունեն $1 միլիոնից ավելի եկամուտ, ապա նրանց հարկային տոկոսադրույքը կազմելու է 30%:
Թրամպը մտադիր է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հարկերը կրճատել, օրինակ այն ընտանիքները, որոնց եկամուտը տարեկան կազմում է $12,6 հազարից պակաս, ապա նրանք եկամտահարկ չեն վճարելու:
Սակայն, ով էլ հաղթի նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում, վերջինս մի շարք մարտահրավերի առջև է կանգնելու: Ըստ մի շարք տնտեսագետների՝ նոր նախագահի՝ բյուջետային միջոցները ծախելու կամ կրճատելու հնարավորություններն ավելի քիչ են, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ որևէ նախագահի:
Կարևոր մարտահրավերներից կլինի ԱՄՆ աճող պետական պարտքը, որը ըստ մի շարք գնահատականների՝ 2016թ ֆինանսական տարում կկազմի մոտավորապես 20 տրիլիոն դոլար:
Հաջորդ նախագահը նաև տիպված կլինի լուծել տնտեսական դանդաղ աճի հետ կապված խնդիրները և աշխատել բարելավել աշխատշուկայի իրավիճակը, որը ներկա պահին, ըստ մի շարք տեղեկությունների, թույլ չի տալիս շատ ամերիկացներին իրենց վստահ զգալ: Հաջորդ նախագահը կարճաժամկետ հեռանկարում ստիպված կլինի համակերպվոլ դեֆիցիտի աճի հետ:
Մի բան հստակ է, եթե Քլինթոնը ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա պետք չէ լուրջ փոփոխություներ ակնկալել, քանի որ վերջինս շարունակելու է Օբամայի որդեգրած քաղաքականությունը: Սակայն նույնը չի կարելի ասել Թրամպի մասին: Թրամպին կարելի է համարել բիզնեսմեն և ռեալթի շոուների աստղ առանց արտաքին քաղաքականության փորձի, ի հակադրություն 30 տարի ԱՄՆ քաղաքականության մեջ փորձ ունեցող Քլինթոնի:
Հրաչուհի Հայրապետյան