28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքները

Բեռլինում հոկտեմբերի 19-ին կայացավ «նորմանդական քառյակի» հանդիպումը Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Շուրջ հինգ ժամ տևած մինսկյան համաձայնագրի շուրջ բանակցություններին հաջորդեց սիրիական հարցով Ռուսաստան-Ֆրանսիա-Գերմանիա եռակողմ հանդիպումը:

Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Financial Times» պարբերականը գրել է, որ 2014 թվականի ուկրաինական ճգնաժամից հետո Անգելա Մերկելն առաջին անգամ է Գերմանիա հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախապես ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ո՛չ Փարիզը, ո՛չ Բեռլինը և ոչ էլ Մոսկվան չեն կարող իրագործել մինսկյան համաձայնությունները, դա պետք է իրականացնեն Կիևն ու Դոնբասը:

Այնուամենայնիվ, հանդիպման արդյունքում կողմերը հաստատեցին, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման հիմքում պետք է լինեն մինսկյան համաձայնագրերը: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով նաև ԵԱՀԿ առաքելություններն ընդլայնելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ կողմերը համաձայն են մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ծրագիր, որով իրագործվելու են Մինսկում 2015 թվականին ձեռք բերված համաձայնությունները: Եվրոպական ղեկավարները շոշափեցին նաև Դոնբասում ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն պաշտոնական Կիևը առայժմ հարմար չի գտնում ընտրությունների անցկացումը:

Բանակցությունների երկրորդ փուլում Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանի հետ քննարկեցին իրադրությունը Սիրիայում: Որպես այս հարցում պատասխանատու կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արվել երկարաձգել հրադադարը Սիրիայում: Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցածը պատերազմական հանցագործություն է:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, քանի որ, ըստ Մերկելի՝ Ռուսաստանն է մեծապես Սիրիայում տեղի ուենցող ռազմական գործողությունների պատասխանատուն: ՌԴ-ն ևս դեմ չի եղել, կախված իրավիճակից, հրադադարը երկարաձգելուն: Արդյունքում հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան հրադադարի ռեժիմը մտավ ուժի մեջ:

Այսպիսով, երկարատև սպասված հանդիպումը ձեռքբերում էր այն առումով, որ վերամեկնարկեցին նախկին պայմանավորվածություններն ու հաստատեցվին կողմերի դիրքորոշումը առանցքային խնդիրների շուրջ:

Վալյա Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ