ՌԴ-ն և Թուրքիան «Թուրքական Հոսքի» շուրջ կարծես թե համաձայնության են եկել
Վերջերս ՌԴ և Թուրքիայի նախագահների ներկայությամբ երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը էնեգետիկայի ոլորտում համաձայնագիր ստորագրեցին, որով սկիզբ դրվեց երկու երկրների այսպես կոչված մերձեցմանը. ստորագրվել է միջկառավարական համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նաև «Թուրքական հոսքի» շրջանակներում գազի զեղչի տրամադրման մեխանիզմների շուրջ:
Ռուսական «Գազպրոմը» տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է լինելու երկու գծից: Այն անցնելու է Սև ծովի հատակով: Գազատարի ծովային հատվածը լինելու է ռուսական կողմի տնօրինության, իսկ ցամաքային հատվածը՝ թուրքական կողմի տնօրինության տակ: «Գազպրոմը» ծրագրում է առաջին գծի շինարարությունն ավարտել 2019 թվականին: Այն հնարավորություն է տալու տարեկան 15,75 մլրդ մ/խ գազ մատակարարել Թուրքիային: Գազատարի երկրորդ գիծը նախատեսված է լինելու Եվրոպայի սպառողների համար:
«Թուրքական հոսք»-ի նախագիծը, որը նախատեսում է Սև ծովով գազամուղի կառուցում մինչև Թուրքիայի եվրոպական մաս: Նախագծի ծովային մասի երկարությունը կկազմի մոտավորապես 910 կմ, Թուրքիայի տարածքով անցնող ցամաքային հատվածինը՝ 180 կմ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 11,4 մլրդ դոլար:
Ռուսաստանի նախագահը Ստամբուլում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ «ռուսական էներգետիկ ռեսուրսները երաշխավորում են աշխարհի բազմաթիվ տնտեսությունների կենսագործունեությունը և կազմում են ԵՄ-ի վառելիքային բալանսի մոտ քառորդ մասը»: Միաժամանակ Ռուսաստանն ակտիվ բանակցություններ է վարում եվրոպական երկրների՝ հատկապես Հունաստանի հետ՝ նախագծի արագ իրականացման հարցում համաձայնության հասնելու համար:
Համաձայնագրի ստորագրումից մի քանի օր անց, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիայի տարածքով գազը տարանցելու նպատակով կշարունակի շփումները ԵՄ երկրների ու Եվրահանձնաժողովի հետ:
Իր հերթին Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ գազատարի շինարարությունն «ուժեղացնելու է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, և եվրոպական երկրներն անհանգստանալու պատճառ չունեն»:
Եվրոպական հանձնաժողովն էլ իր հերթին հայտարարություններ է տարածում, որտեղ նշում է, որ հավանական է համարում Թուրքիայի միջոցով ռուսական գազի ներկրումը Եվրոպա:
Խոսելով Թուրքիայի համար ռուսական գազի գնի զեղչի մասին՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ դա կախված կլինի սպառման ծավալից:
Խնդիրն այն է, որ նախկինում ևս ՌԴ-ն Թուրքիային գազ մատակարարում էր զեղչված գներով, սակայն 2016 թվականի հունվարից որոշումը չեղարկվել էր երկու երկրների «լարված» հարաբերությունների պատճառով, որոնք վատթարացել էին Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելուց հետո: Սակայն հիմա, երբ արդեն հարաբերությունները վերականգնվել են, կողմերը կրկին փորձում են հին ձևաչափին անցնել:
Լենա Մաթևոսյան