Փարիզի քաղաքապետը կժամանի Երեւան
Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին: Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: Տիկին քաղաքապետը կմասնակցի « Էրեբունի–Երևան–2798 » տոնակատարության հանդիսավոր արարողությանը:
Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ժամը 9.15-ից 10.15: Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու Փարիզի քաղաքապետի այցը հուշահամալիր: Տիկին քաղաքապետը ճեպազրույցով հանդես կգա լրատվամիջոցների առաջ հուշահամալիր այցելության վերջում: