Մերկելը` պարտությունից հետո. արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը գալիք ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի 18-ին Բեռլինում տարածաշրջանային խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիսոտնեա-դեմոկրատական» կուսակցությունը ամբողջ պատմության մեջ ամենավատ ցուցանիշը գրանցեց՝ հավաքելով ձայների 17.6%-ը:
Իսկ սոցիալ-դեմոկրատները, որի հետ Մերկելի կուսակցությունը կոալիցիա է կազմել հավաքել է ձայների 21,6%-ը, ուստի կոալիցիային չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայներ: Բեռլինի Խորհրդարանում 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցություն ներկայացնող 927 թեկնածու: «Այլընտրանք Գերմանիայի համար» աջերի կուսակցությանը, իր հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ, հաջողվել է ստանալ քվեների 14,2 %-ը և առաջին անգամ մտնել Բեռլինի խորհրդարան:
Բեռլինի խորհրդարան են մտել նաև ձախերի և կանաչների կուսակցությունները: Մինչ այս Բեռլինում իշխում էր սոցիալ-դեմոկրատների և քրիստոնեա-դեմոկրատների կոալիցիան: Սակայն այժմ չի բացառվում, որ Բեռլինի խորհրդարանում կոալիցիա ձևավորեն սոցիալ-դեմոկարտները, ձախերի ու կանաչների կուսակցության հետ միասին: Գերմանացիների բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ Մերկելը լիովին պատասխանատվություն է կրում Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության անհաջողության համար։ Սովորաբար առաջնորդները չեն սիրում ընդունել իրենց սխալները, սակայն Մերկելը նաև ստանձնել է իր կուսակցության աղետալի ցուցանիշների պատասխանատվությունը՝ ընդունելով անցյալ տարի միգրանտների ճգնաժամի հարցում իր գործած սխալները:
«Եթե կարողանայի, ժամանակը շատ շատ տարիներով հետ կտայի՝ ավելի լավ պատրաստվելու համար», – ասել է նա: Վերջինս անբավարար և հիասթափեցնող է համարել Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձեռք բերած արդյունքները: Վերջերս Անգելա Մերկելի վարկանիշը Գերմանիայում զգալիորեն ընկել է՝ փոխստականների հանդեպ իր վարած բաց դռների քաղաքականության պատճառով:
«Ֆրոնտեքս ԵՄ» գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ-ին Եվրոպական Միություն 1,8 մլն գաղթական է մուտք գործել, իսկ Գերմանիայի ՆԳՆ-ի տվյաներով՝ 2015թ-ին ավելի քան 1 մլն փախստական է երկիր մուտք գործել: Գերմանիայի բնակիչների կեսը դեմ են, որ Անգելա Մերկելը չորրորդ անգամ վերընտրվի կանցլերի պաշտոնում: Սպասվում է, որ 2016թ. դեկտեմբերին Մերկելը կհայտարարի գալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ դիրքորոշման մասին:
Աշխեն Սահակյան