Աշխարհահռչակ Սառա Բրայթմանը տիեզերք կմեկնի /վիդեո/
Բրիտանացի երգչուհի, հայնի կոմպոզիտոր Էնդրու Լլոյդ Ուեբբերի նախկին կինը` Սառա Բրայթմանը, կդառնա հաջորդ տիեզերական զբոսաշրջիկը, ով կուղեւորվի միջազգային տիեզերական կայան: Այդ մասին երգչուհին հայտարարել է Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ վերջերս “Ռոսկոսմոսից” իր ֆիզիկական եւ բժշկական պատրաստվածության ստուգման հաստատումն է ստացել: Ռուսական տիեզերական գործակալությունում երգչուհուն հավաստիացրել են, որ նա կարող է սկսել վարժանքները: Բրայթմանը լրագրողների հետ կիսվել է նաեւ իր առաջիկա ծրագրերով: Հաջորդ տարի նա մեծ համաշխարհային շրջագայություն կունենա, իսկ այնուհետեւ կես տարի կպատրաստվի թռիչքին: Թե երբ հայտնի երգչուհին կկատարի իր թռիչքը դեպի տիեզերք, հայտնի չէ: Նախկինում լուրեր կային, որ թռիչքը կայանալու է 2015-ին:
Սառա Բրայթմանը դասական քրոսովեր ժանրի ամենահայտնի կատարողներից է: Նա հայտնի է դարձել “Կատուներ” եւ “Օպերայի ուրվականը” մյուզիքլներում իր մասնակցությամբ: Աշխարհի 40 երկրներում նա արժանացել է ավելի քան 180 ոսկե եւ պլատինե մրցանակների: Սառան 3 անգամ ելույթ է ունեցել Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
http://youtu.be/l5pIC2MIelQ