Միասեռ ամուսնություններն օրինականացվեցին եւս մեկ երկրում
Ֆրանսիայի եւ ՀԱՀ-ի օրինակին հետեւեց նաեւ Նոր Զելանդիան` թույլատրելով միասեռ զույգերի ամուսնությունների պաշտոնական գրանցումը` դառնալով առաջին երկիրը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որն օրինականցնում է սեռական փոքրամասնությունների ամուսնությունները, տեղեկացնում է “New Zealand Herald”-ը:
Ի դեպ, դժվար է ասել, որ այս օրենքն անցել է միաձայն, քանի որ գեյերի ամուսնություններին կողմ հանդես են եկել 77, դեմ` 44 պատգամավորներ: Քվեարկությանն ուշադրությամբ հետեւել են գեյ-շարժումների ակտիվիստները, որոնք ներկա են գտնվել օրենսդիր ժողովի դահլիճում: Օրենքի ընդունման կապակցությամբ նրանք բուռն ծափահարել են եւ նույնիսկ ազգային երգերից են կատարել:
Հատկանշական է, որ աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկում դեռեւս 27 տարի առաջ միասեռ սիրո դրսեւորումների համար հնարավոր էր նաեւ ճաղերի ետեւում հայտնվել:
Օրենքը կսկսի գործել օգոստոսից` սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների քրեական հետապնդման մասին օրենքը չեղյալ հայտարարելու հերթական տարելիցին: Պատմական օրենքի նախաձեռնողը պատգամավոր Լուիզա Ուոլն է, ով հարաբերությունների մեջ է մեկ այլ կնոջ հետ:
Նշենք, որ գեյերի քաղաքացիական ամուսնությունները Նոր Զելանդիայում օրինականացվել էին դեռեւս 2005-ին: