Նիդերլանդների քաղաքական դրիքորոշումը Սաֆարովի գործի վերաբերյալ
Ձեզ ենք ներկայացնում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի անդրադարձը “Սաֆարովի գործին”, որը ներկայացվել է “Նիդերլանդական օրագիր” կայքէջում:
“Սաֆարովի հարցը վերջին ժամանակաշրջանում տարբեր առիթներով քննարկվել է հոլանդական քաղաքական շրջաններում: Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին նեցուկ կանգնելու նպատակով այսօր` հոկտեմբերի 15-ին, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր պարոն Վան Դեյկը Հայաստանի խորհրդարանի նախագահին կներկայացնի մի նամակ, որն ստորագրել են Նիդերլանդների խորհրդարանի մի քանի պատգամավոր:
Ս.թ. հոկտեմբերի 10-ին Նիդերլանդների խորհրդարանում կայացած մի բանակցության ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար պարոն Ռոզենթալը հայտնեց իր տեսակետը Սաֆարովի ազատ արձակման, զինվորական աստիճանի բարձրացման եւ հերոսացման վերաբերյալ: Պատասխանելով Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր պարոն Վոորդեվինդի հարցին, որը պահանջեց դատապարտել գործերի նման ընթացքը, նախարարը պատասխանեց. “սպանության փառաբանումը դատապարտելի է”: Նախարարն իր քննադատական նկատողությանն ավելացրեց. “ամեն մարդ գիտե` ինչ հանցանք է գործել”: Ռոզենթալի բնորոշմամբ հարցը շատ բարդ է, հատկապես ինչ վերաբերում է Հունգարիային: Քննարկման ժամանակ Վոորդեվինդը նախարարից պահանջեց այս գործընթացի ավելի հստակ դատապարտում: Զարմանալի է սակայն, որ այստեղ նախարարը նույնիսկ անդրադարձավ Հունգարիայի խնդրանքին (Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ), ըստ որի այս խնդիրը պետք է մեծ զգուշությամբ քննարկել եւ փորձել չխառնվել այս գործին:
Ռոզենթալի պատասխանը Հոլանդահայ Ֆեդերացիայի նամակին եւ խորհրդարանի գրավոր հարցերին:
“Քրիստոնեական միություն” կուսակցության պատգամավոր պարոն Վոորդեվինդի գրավոր հարցերի պատասխանում նախարարը նախապես նշել էր, որ Սաֆարովին “ներում շնորհելու, նրա աստիճանի բարձրացման եւ հերոսացման իրադարձությունները” ունեն “բացասական ազդեցություն տարածաշրջանի կայունության վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վրա”:
Իր պատասխաններում նախարարը նշում է, որ Նիդերլանդները ամենաբարձր մակարդակով, այն է` փոխվարչապետ եւ տնտեսական հարցերով նախարար պարոն Վերհագենի միջոցով կոչ է արել Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության հարցում: Այսպիսով նա բացահայտորեն հայտնել է Նիդերլանդների մտահոգությունը Սաֆարովի համաներման հետեւանքով առաջացած աճող լարվածության վերաբերյալ: Վերհագենը կատարել է այս հայտարարությունը վերջերս հոլանդական առեւտրական պատվիրակության հետ Բաքու կատարած այցի ժամանակ: Նույնպես խորհրդարանում քննարկումների ժամանակ նախարարը հիշեցրեց այս հայտարարության մասին:
Ի պատասխան Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նամակին, Նիդերլանդների արտգործնախարարությունը նշում է, որ Նիդերլանդների կառավարությունը գարշանքով է դիտում կատարված սպանություն եւ մտահոգություն է հայտնում համաներման եւ դրա հետեւանքների վերաբերյալ, հատկապես Սաֆարովին ներում շնորհելու հետեւանքով առաջացած աճող լարվածության կապակցությամբ: Այստեղ եւս մատնանշվում է փոխվարչապետ Վերհագենի հայտարարությունը եւ Եվրամիության շրջանակում կատարված լայնածավալ քննարկումը, ներառյալ Հունգարիայի դերը այս հարցում: Նամակում նշված է, որ Հոլանդիան, հետեւելով գերագույն հանձնակատար Էշթոնին, “շարունակելու է հետեւել այս գործին
Նիդերլանդների խորհրդարանի քայլը.
Խորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների պատգամավորները, որոնք խորհրդարանի արտաքին գործերի հանձնախմբի անդամներն են, որոշել են իրենց աջակցությունը բերել Հայաստանին Սաֆարովի հարցում: Նրանք Հայաստանի խորհրդարանին են հղել մի նամակ, որի մեջ դատապարտվում է Ադրբեջանի արարաքը Սաֆարովի գործում եւ պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: Առաջիկա երկուշաբթի, հոկտեմբերի 15-ին, Հայաստանում այդ նամակը հայկական խորհրդարանի նախագահին կներկայացնի Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր պարոն Վան Դեյկը:
Ինչպես հայտնի է, ադրբեջանցի զինվորական Սաֆարովը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանելու համար: Նրանք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորակայանում անգլերենի դասընթացների էին մասնակցում: Մի քանի շաբաթ առաջ Հունգարիայի կառավարությունը համաձայնվեց Սաֆարովին արտահանձնել Բաքվին` երկու կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Սաֆարովին Բաքվում ընդունեցին, որպես հերոս, անմիջապես ներման արժանացրին եւ մայորի կոչում շնորհեցին: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի արարքը բնութագրել են որպես միջազգային չափանիշների խախտում”: