Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ապագան հարցականի տակ է
Օբամայի նախագահական երկրորդ շրջանի առաջնահերթություն է համարում Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության (TTP) ձևավորումը, քանզի վերջինս գտնում է, որ Միացյալ Նահանգների և ասիական երկրների հետ ներդաշնակ հարաբերությունների պահպանումը զգալիորեն կախված է վերոհիշյալ առևտրային պակտի հաջողությունից։ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար, նախագահը կարևորում է ասիական տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների հետ կապերի ամրապնդումը։
Վիետնամի հետ կապերն ամրապնդելու նպատակով, Օբաման հանել է Վիետնամի նկատմամբ ավելի քան տասնամյակներ շարունակ կիրառած զենքի էմբարգոն: Այդուհանդերձ, Վիետնամը զգուշություն է ցուցաբերում ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման հարցում, որպեզի Չինաստանի հետ թշնամություն չառաջանա։ Հավանաբար Պեկինին չզայրացնելու նպատակով Վիետնամում այնքան էլ չեն լուսաբանում Օբամայի այցի վերաբերյալ լուրերը: Վիետնամի իշխանություններն անգամ պահանջել են երկրից հեռանալ BBC-ի լրագրող Ջոնաթան Հեդին, ով պետք է Օբամայի եռօրյա այցը լուսաբաներ Վիետնամում:
Սպիտակ տունը հայտնում է, որ այս այցը խորհրդանշական կապ ունի նաև Օբամայի Միջուկային զենքի չտարածման ռազմավարության հետ, որի համար նա Նոբելյան մրցանակի է արժանացել։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսի հաղորդմամբ՝ նախագահ Օբաման Ճապոնիա կժամանի մայիսի 27-28-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում նախատեսում է նաև այցելել Հիրոսիմայի հուշահամալիր։ Բարաք Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, ով 1945թ. տեղի ունեցած ատոմային ռմբակոծությունից հետո այց կկատարի Հիոսիմա, չնայած ԶԼՄ-ներն հայտնում են, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում պաշտոնական ներողություն խնդրել Ճապոնիայից։ Մյուս կողմից էլ, Ճապոնիան չի շտապում պատասխան քայլ անել. Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեռևս մինչև Օբամայի շրջագայության մեկնարկն էր հայտարարել, որ «իր այցը Պերլ Հարբոր թող չակնկալեն»։
Ճապոնիայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ կան նաև տնտեսական ոլորտում, որոնք ավելի ցայտուն դարձան մայիսի 21-ին Մեծ Յոնթնյակի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև դրամավարկային ոլորտում առաջացած տարաձայնությունը կապված է Ճապոնիայի կառավարության կողմից վերջին շրջանում իենի փոխարժեքի գրանցած նկատելի աճը դադարեցնելու հետ։ Եվրոպական և ամերիկյան բանկերի հավաստմամբ՝ գերտերությունները պետք է խուսափեն կտրուկ արժեզրկումների դիմելուց, որի շնորհիվ ուրիշ երկրների հաշվին իրենց աճն են ապահովում, իսկ իենի կտրուկ արժեզրկումը վարչապետ Սինձո Աբեի տնտեսական աճի վերաբերյալ ծրագրի մի մասն է կազմում։
Եթե մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր Օբաման լուրջ քայլ չիրականացնի դեպի Ասիա կապերն ընդլայնելու ուղղությամբ, ապա Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագիրն այդպես էլ կմնա թղթի վրա։ Հիշեցնենք, որ այն առ այսօր չի վավերացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, իսկ նախագահական երկու ամենահավանական թեկնածուներ Դոնալդ Թրամպը և Հիլարի Քլինթոնը չեն կիսում Ասիայի հետ կապերն ամրապնդելու Օբամայի երազանքը։
Անի Գասպարյան