Հունիսի 23-ին կորոշվի ԵՄ-ի և Բրիտանիայի ճակատագիրը
2016թ հունիսի 23-ը կորոշվի ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ճակատագիրը: Ուշագրավ է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցում տարակարծիք են ՄԲ-ի հասարակությունն ու քաղաքական գործիչները, քանի որ այն կարող է աշխարհաքաղաքական լուրջ հետևանքների հանգեցնել: Ավելին, ըստ կանխատեսումների, այն կարող է ԵՄ փլուզման մեկնարկը լինել:
ՄԲ ներքին գործերի անանուն ներկայացուցիչը The Telegraph պարբերականին հայտնել է, որ Brexit-ի պարագայում Բրիտանիան երկրից կարտաքսի շուրջ 3 մլն եվրոպացի, որոնք այս կամ այն կերպ հայտնվել են Բրիտանիայում:
ԵՄ անդամ-պետությունները հստակ գիտակցում են, որ առանց Բրիտանիայի ԵՄ-ն այլևս չի կարող «ամուր կանգնել իր տեղում», ուստի նրանց կողմից ևս մի շարք հարցեր են առաջ գալիս: Իսկ վերջերս Անգլիայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բրիտանացիներին ԵՄ չլքելու վերաբերյալ կոչով հանդես եկավ: Պարզ է, որ Օբաման առավելապես անհանգստացած է ԱՄՆ-ի շահերով, քանի որ հակառակ պարագայում, փորձագետների կարծիքով, վերջինս չի կարողանա կյանքի կոչել Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության (ՏԱՆԳ) նախագիծը:
Մեծ Բրիտնաիայի գործարար և արդյունաբերական ոլորտի գրեթե 300 ներկայացուցիչ բաց նամակով դիմել էին կառավարությանը և հայտնում էին, որ ԵՄ մյուս անդամ-պետությունները գնալով նվազեցնում են Բրիտանիայից կատարվող գնումները, քանի որ ԵՄ անդամ-պետությունների տնտեսությունները անկման մեջ են գտնվում: Վերջիններս վստահ են, որ Միությունից դուրս գալու պարագայում Բրիտանիայի տնտեսությունն առավել ինտենսիվ կզարգանա և նոր աշխատատեղ կբացվեն:
Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ որ $1մլրդ (£710մլն) կարողություն ունեցող մասնավոր ընկերությունների ղեկավարներից շատերը դեմ են, որ տեղի ունենա Brexit-ը:
Սոցհարցումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բնակչության 42%-ը ցանկանում է, որ Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ կազմում, իսկ 41%-ը կողմ է, որ երկիրը դուրս գա ԵՄ կազմից:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու պարագայում, ԵՄ մյուս անդամ-պետությունները ևս հանդես կգան նման ցանկություններով:
Նման տարաբնույթ հայտարարություններից և սոցհարցումներից դժվար է կանխատեսել, քանի որ վճռորոշ պահին մնացել է 5 շաբաթ: Հստակ է միայն այն, որ երկու դեպքում լուրջ փոփոխություններ տեղի կունենա թե՛ ԵՄ անդամ պետություններում և թե ՛ Մեծ Բրիտանիայում:
Նարինե Մեհրաբյան