26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է խաչակնքվելը կարեւոր

– Ինչո՞ւ են խաչակնքում ամեն ժամանակ եւ ի՞նչ է նշանակում խաչակնքելը։

Խաչակնքում են հետեվյալ ձեւով. ասում են՝ հանուն Հոր (աջ ձեռքի երեք մատները միասին տանում դեպի ճակատը), եւ Որդու (ձեռքը իջեցնում են ներքեւ) եւ Հոգւոյն (ձեռքը տանում են դեպի ձախ կողմը) Սրբո (ձեռքը տանում են դեպի աջ կողմը), Ամեն (ձեռքը բացած մատներով դնում են սրտի վրա)։ Այդպես են խաչակնքում նաեւ Հռոմեական (Կաթոլիկ) Եկեղեցում։

Խաչակնքելը նշանակում է.
– Վահան ընդդեմ սատանայական ներգործությունների։
– Յիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մահը Խաչի վրա՝ մարդկության ազատագրման համար։
– Խնդրում ենք Աստծու օգնությունը եւ ողորմությունը։
– Մենք այլեւս գոյություն չունենք աշխարհի չար զորությունների համար (խաչված ենք) եւ կենդանի ենք միայն Հիսուսի համար։
– Չարն այլեւս զորություն չունի, քանի որ Հիսուս խաչվեց մեզ համար եւ Խաչի արյունով մենք փրկվեցինք. խաչակնքվելով մենք հաստատում ենք մեզ Խաչի տակ, ուր մեռավ մեր Տերը։ Այսինքն՝ ես ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, իմ տեղն այնտեղ է, ուր մեռավ Հիսուսը՝ Գողգոթայի Խաչի տակ։
– Ցանկանում եմ, որ այսուհետեւ իմ վրա տպվի, արտապատկերվի Հիսուսը՝ այն էլ Խաչը ելած (Տե՛ս Ա Կորնթ., Բ, 2)։
– Ցականում եմ, որ այսուհետեւ ինձ նայելիս տեսնեն միայն մի բան՝ Խաչյալ Հիսուսին։
– Երբ ձեռքը տանում ենք դեպի վեր՝ ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց Խաչի վրա, եւ թող այսուհետև Քրիստոսի միտքը գրավի մեզ։
— Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքեւ՝ ուզում ենք ասել, որ այլեւս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ՝ նա մեռաւ Խաչի վրայ, այլ թող Քրիստոս թելադրի իր կամքը մեզ։
– Ձախ եւ աջ տանելով՝ ուզում ենք ասել, որ ձեռքերը դարձյալ խաչվեցին Խաչի վրա, որոնք չար գործելու համար արդեն անպիտան են, եւ պիտի միայն բարին գործեն։
– Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը եւ ասելով «Ամեն», հաստատում ենք եւ համաձայնվում այդ ամենին («Ամէն» – նշանակում է «ճիշտ է», «ես համաձայն եմ»)։

Այս առումով շատ գեղեցիկ շարական է գրել Շնորհալին (Տե՛ս նրա «Տարածյալը»)։
– Մեղքն առաջ եկաւ Եդեմական պարտեզում այսպես (Տե՛ս Ծննդոց, գլուխ Գ)՝ Ադամը տեսաւ կնոջ արածը (միտքը), որը ցանկացել էր արգելված պտուղին (մարմին) եւ ձեռքով վերցրել ու կերել (ձեռքերը)։

Խաչի վրայ դատապարտվեց այդ ամենը՝ մեղքն իր ծագումից սկսած։ Խաչակնքվելիս խորհրդավորաբար վերապրում ենք այս ամենը, նույնը չկրկնելու իմաստով։ Խաչին է գամվում մեր էությունը (երբ ձեռքը տանում ենք դեպի վեր), մարմինը (երբ ձեռքն իջեցնում ենք ներքեւ), ձեռքերը եւ սիրտը։ Այսինքն՝ խաչակնքվելը նշանակում է մեր հին էության դատապարտում եւ նոր էության ծնունդ կամ Ադամի մահ եւ Քրիստոսի ծնունդ, հին մարդու վերջ եւ Նոր մարդու սկիզբ։

Նախնի Եկեղեցում (Առաքելական շրջանում) տարածված էր մի շատ ծանոթ երգ, որն ամբողջությամբ պահպանուած է Պողոսի մոտ (Եփես., Ե, 14). «Արթնացի՛ր, դու որ քնած ես եւ կանգնի՛ր մեռելներից ու Քրիստոս քեզ լոյս կտա»։

Քնածն այստեղ Ադամն է, որ մեռաւ։ Ավանդությունը Քրիստոսի խաչվելու տեղը (Գողգոթայում) նույնացնում է Ադամի գերեզմանի հետ։ Դրա համար էլ հնում Խաչի տակ նկարում էին գանգ (Ադամի)։

Այսպիսով՝ խաչակնքվելիս մենք փաստում ենք, որ մեռանք որպես Ադամ եւ կանգնեցինք՝ որպես Քրիստոս։ Հայերենում բառն ինքնին ճիշտ է արտահայտում իմաստը՝ խաչ եւ կնքել, խաչի կնիքը դնել մեզ վրա, այն է ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել։ Իսկ կնքվողը պատկանում է միայն կնքողին՝ Աստծուն։

Եւ վերջապես, ձեւի մասին. խաչ հանելիս երեք մատներն միացնում ենք իրար, որը խորհրդանշում է Ս. Երրորդութիւնը, անբաժան եւ միասնական։ Մյուս երկու մատները (ճկույթն ու մատանեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի մեջ երկու բնության անբաժանելի միությունը, Քրիստոս որպես Մարդ եւ Աստված, եւ այդ երկուսը որպես մեկ (մատները սեղմուած են իրար)։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ