ԵՄ-ին ինտերգրվելու անհագ ցանկությունը կհեռացնի Թուրքիային միությունից
Վերջին ժամանակներում Թուրքիան փախստականների խաղաքարտը օգտագործելով փորձում է սիրաշահել ԵՄ անդամ պետություններին ու տարիներ շարունակվող հույսերն ի կատար ածել՝ անդամագրվել ԵՄ կազմում:
Մայիսի 3-ին թուրքական Resmi Gazete պարբերականը հրապարակել է Թուրքիայի կառավարության որոշումը՝ չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը ԵՄ անդամ երկրների համար: Նշվում էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի Շենգեն գոտում ազատ մուտքի ռեժիմի անցմանը զուգահեռ: Այս քայլը ողջունել է Եվրոպական Հանձնաժողովը ԵՄ գրասենյակի կողմից տարածվեց հաղորդագրության, համաձայն՝ Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության անդամ երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելուն, սակայն վերջնական որոշումը կկայացնեն ԵՄ անդամ երկրներն ու Եվրոպական խորհրդարանը:
Թուրքական կողմը, հավանաբար, դեռ չէր հասցրել «վայելել պահը», երբ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը հայտարարեց, որ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի վերջնական չեղարկման համար մինչև հունիսի վերջ Թուրքիան դեռ պետք է իրագործի 5 կարևոր պայմաններ՝ կոռուպցիայի դեմ պայքար, Եվրապոլի հետ օպերատիվ համագործակցություն, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցություն և ահաբեկչության դեմ պայքարելու օրենսդրության վերանայում, ինչպես նաև կենսաչափական անձնագրերի թողարկում: Ավելին, հեղինակավոր Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախագահ Թայիփ Էրդողանի միջև տարաձայնություն է առաջացել ԵՄ-ի հետ գործարք կնքելու հարցում, քանի որ դրան ավելի շատ կողմնակից է եղել Դավութօղլուն և հենց դրանով է պայմանավորված վերջինիս հրաժարականը:
Էրդողանի ավտորիտար գործելաոճից զգուշացող ԵՄ պաշտոնյաները վարչապետին էին տեսնում իրենց գլխավոր գործընկերոջ դերում: ՄԲ վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: ԵՄ անդամ մեկ այլ պետությունում՝ Գերմանիայում իրականացված հարցումների համաձայն, Գերմանիայի քաղաքացիների 62%-ը դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ազատ մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանմանը: Թուրքիայի հույսերը ԵՄ-ի հետ կապված, հավանական է, որ ի չիք կդառնան, քանի որ ԵՄ-ն Թուրքայից պահանջում է այնպիսիս կետեր իրականացնել, որոնց ուղղությամբ վերջինս տարիներ շարունակ չի աշխատել: ԵՄ-ին ինտերգրվելու անհագ ցանկությունը ավելի կհեռացնի Թուրքիային ԵՄ-ից:
Նարինե Մեհրաբյան