27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանաչ հարսանիքից մինչեւ կարմիր հարսանիք

Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը յուրահատուկ ամփոփում Է, ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ:

Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները: Ստորեւ ներկայացված հետաքրքիր տեղեկատվությունը Ձեր ընտանեկան կյանքը կդարձնի առավել գունագեղ ու հետաքրքիր:

Հարսանիքի օրը համարվում է Կանաչ Հարսանիք:

Համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք: Անվանումը կապված է այն բանի հետ, որ ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղի մանր ու չնչին խնդիրներին` ետեւում թողնելով սիրային գգվանքները: Ետեւում են մնացել նաեւ փորձություններն ու բացահայտումները: Այդ օրն ընդունված է միմյանց նվիրել չթից կարված թաշկինակներ:

Առաջին տարին համարվում է ամենադժվարը, իսկ թաշկինակները խորհրդանշում են տարվա ընթացքում թափված արցունքները: Առաջին տարեդարձի ժամանակ բացվում է շամպայնի երկու շշերից մեկը, որոնք նվիրել էին հարսանիքի ժամանակ: Երկրորդ շիշն ընդունված է բացել առաջնեկի ծննդյան օրը:

Երկրորդ տարին նշվում է որպես Թղթե հարսանիք: Հարաբերությունների թարմությունն արդեն վերացել է, սակայն նրանք դեռ չեն դարձել ամուր: Այստեղից էլ անվանումը. չէ՞ որ թուղթը հեշտությամբ է պատռվում: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինն ու կինը կարում են թղթե հագուստ, որով էլ ընդունում են հյուրերին:

Եվս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին եւ կախում այգու ծառից կամ որեւէ այլ դեկորատիվ իրի վրայից: Ստացվում է իսկական “երջանկության ծառ”: Ամուսինները կարող են իրար անակնկալ մատուցել` գրելով միմյանց իսկական սիրային նամակներ, որոնցից երկար ժամանակ չէին ստացել:

Եթե արդեն երեք տարի է, ինչ միասին եք, ապա անպայման նշեք Կաշվե հարսանիքը: Համարվում է, որ այդ ժամանակ ամուսինները սկսում են իրար զգալ սեփական կաշվով: Հինավուրց ավանդույթի համաձայն՝ նրանք պետք է վերադարձնեն իրենց պարտքերը, ներեն բոլոր հին վիրավորանքները, տնից դուրս շպրտեն հին իրերը, որոնք այս կամ այն ձեւով կարող են հիշեցնել անցյալի դառնությունները:

Այդ օրը ամուսիններն իրար նվիրում են կաշվե ապրանքներ` դրամապանակ, ձեռնոցներ, նույնիսկ` ճամպրուկ, որը լավագույն ակնարկն է այն մասին, որ արդեն ժամանակն է ուղեւորվել ռոմանտիկ ճամփորդության:

Քաթանե, Վուշե հարսանիքը նշում են ամուսնության չորրորդ տարում: Քաթանը խորհրդանշում է ամրություն եւ հարատեւություն: Սեղանին այդ օրը պետք է փռված լինի քաթանե սփռոց եւ դրված լինեն նույն քաթանից անձեռոցիկներ: Ավանդույթ կա այդ օրը իրար նվիրել քաթանից կամ վուշից պատրաստված տարբեր իրեր: Մասնավորապես, կիրառելի նվերներ են անկողնու պարագաները, հագուստը, սփռոցները, անձեռոցիկները, սրբիչները, եւ, բնականաբար, ամեն ինչ պետք է լինի վերոնշյալ քաթանից կամ վուշից:

Հնգամյա տարեդարձը նշում են որպես Փայտե հարսանիք: Ծառը խորհրդանշում է կյանքը, ծաղկունքը եւ բարեբերությունը: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախը, այնուամենայնիվ, կա: Այլապես ընտանեկան անդորրը կխափանվի եւ կհրդեհվի, ինչպես կայծից բռնկված դաշտ: Ամուսինները փոխանակում են փայտից պատրաստված տարատեսակ հուշանվերներ` զարդատուփեր, գդալների հավաքածու, նկարների շրջանակներ, թալիսմաններ, զարդեր:

Վեցամյակը համեմատում են չուգունի հետ: Այս մետաղը բավականին փխրուն է եւ կարող է ճաքել հարվածից: Նույն կերպ ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել հանկարծակի ստեղծված տհաճ իրավիճակից: Չուգունե հարսանիքի տարեդարձի ժամանակ նվիրում են տարատեսակ իրեր այդ մետաղից, ինչպես նաեւ սպասք եւ այլ խոհանոցային պարագաներ:

Պղնձե հարսանիքը տոնում են համատեղ կյանքի յոթերորդ տարում: Համարվում է, որ ընտանիքի զարգացումը հասել է արդեն այն փուլին, երբ հարաբերություններն արդեն բավականաչափ ամրացել են, եւ այն քանդելը շատ դժվար կլինի: Բայց պղինձը նաեւ փափուկ մետաղ է` էլաստիկ եւ ճկուն: Նրան հեշտ է տաքացնել եւ ձեւափոխել: Երիտասարդ ընտանիքին դեռ շատ փորձություններ են սպասում, իսկ գոյատեւելը կախված է միմիայն նրանցից: Յոթամյակը նշելու ժամանակ նվիրում են պղնձե մատանիներ, պայտեր կամ զարդեղեն պղնձից, եթե, իհարկե, այդպիսիների մեջ գտնեք նրա սրտի ուզածը:

Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկամյակը, նշում են որպես հարսանիքից հետո տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձություններից մեկը: Դա մի փուլ է, երբ, երկար ճամփա անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին: Ավանդույթի համաձայն, ամուսինը պետք է կնոջը նվիրի 11 հատ վարդ, որոնցից տասը պետք է լինի կարմիր` խորհրդանշող սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ` որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ խրում նույն գույնի վարդ: Ամուսիններն անկողինը զարդարում են վարդագույն վարդի թերթիկներով: Այս տարեդարձը անվանում են նաեւ Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: Ավանդույթի համաձայն, այդ օրը գրպանի մեջ դնում են արճիճե գդալ, որը գիշերը տեղափոխում են բարձի տակ:

Համատեղ կյանքի տասնհինգերորդ տարին նշում են որպես Ապակե, Բյուրեղապակե հարսանիք: Նրանք խորհրդանշում են հարաբերությունների մաքրությունն ու պարզությունը, սակայն թե՛ ապակին, թե՛ բյուրեղապակին մթագնում, սեւանում են, եթե նրանց լավ չեն հետեւում: Նույնկերպ եւ սերը անընդհատ փայփայման, գուրգուրման կարիք ունի: Նվերի ընտրության գործը բավականին հեշտ է: Այդ օրը փոխանակում են ապակե կամ բյուրեղապակե սպասք, սկահակներ, գեղեցիկ արձանիկներ:

Ճենապակե հարսանիքը նշում են ամուսնությունից 20 տարի անց: Այս տարեդարձի անվանումն ինքնին խոսուն է: Անվանումը հիշեցնում է ամուսիններին այն մասին, որ հարկավոր է հարաբերությունները կառուցել զգուշությամբ եւ մեծ սիրով: Թեթեւակի հպումից, անզգույշ քայլից տարիների ընթացքում կառուցած դղյակը կարող է փլվել: Սեղանն այդ օրը հարկավոր է զարդարել բացառապես ճենապակուց կամ ֆարֆորից բաղկացած սպասքով: Իսկ իդեալական նվեր քսանամյակի կապակցությամբ կարող է դառնալ, բնականաբար, ճենապակե սերվիսը:

Արծաթը թանկարժեք մետաղ է, հետեւաբար, Արծաթե հարսանիքը նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում: Այն նշվում է համատեղ կյանքի 25 տարին լրանալուց հետո: Ամուսինների միջեւ փոխհարաբերություններն արդեն ոչ միայն բավականաչափ ամուր են դարձել, այլ նաեւ ձեռք են բերել յուրօրինակ գեղեցկություն: Այժմ նրանք գնահատվում են որպես թանկագին եւ անօտարելի ոլորտ կողմերից յուրաքանչյուրի կյանքում: Ռոմանտիկ եւ դիպուկ նվերներ կարող են լինել արծաթե մատանիները, հնարավոր են նաեւ որոշակի դարձվածքներ փորագրված տարբերակով:

Ինչպես մարգարիտն է իր խուփի մեջ դանդաղորեն մեծանում, ճիշտ նույն կերպ էլ ամուսիններն են կամաց-կամաց հասնում Մարգարտյա հարսանիքի տարեդարձի շեմին: Այն նշվում է ամուսնության օրից երեսուն տարի անց: Տարեցտարի նորանոր շերտեր ձեռք բերելով` ամուսնությունն աստիճանաբար հասնում է կատարյալ վիճակի: Ավանդույթի համաձայն՝ ամուսինը կնոջը նվիրում է մարգարտաշար վզնոց` բաղկացած երեսուն հատ մարգարիտից` ի նշան ակնածանքի եւ համատեղ ապրած երջանիկ տարիների: Հյուրերն իրենց հերթին նվիրում են ցանկացած իր, որը հակված է փայլելու: 

zaruhi.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ