Հայաստանում խոսքի ազատության վիճակի եվ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թ. առաջին եռամսյակային զեկույցի (հունվար-մարտ) ամփոփում
2016 թ. առաջին եռամսյակը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ չէր։ Թեև այս ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, այդուհանդերձ, լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվել են բազմաթիվ այլ խոչընդոտումների ու բարդությունների։
Մասնավորապես, արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 20, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Քանակական առումով այս տվյալները ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը՝ համապատասխանաբար 6-ով եւ 3-ով։ Նշված 20 ճնշումներից 11-ը ԶԼՄ-ների եւ լրագրողների ներգրավվածությամբ դատական նոր գործեր են։ Ընդ որում՝ բոլորն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։
2015 եւ 2016 թթ. տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները՝
ըստ եռամսյակների
Խախտումների տեսակները | 2015 թ.
|
2016 թ.
|
Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ | 2
|
0 |
Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ | 14 | 20 |
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ | 7 | 10 |
2016 թ. առաջին եռամսյակը աչքի ընկավ նաեւ լրատվամիջոցներին օրենսդրական տարբեր նախաձեռնությունների միջոցով զսպաշապիկ հագցնելու փորձերով։ Այս առումով առավել ուշագրավ էր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը՝ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործունեությունը անհիմն սահմանափակող դրույթներով։ Մասնավորապես, այդ փաստաթղթի 65 հոդվածի 7-րդ կետը նախատեսում էր, որ ընտրությունների օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում միաժամանակ կարող է գտնվել ընդամենը 8 տեղական դիտորդ եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ:
Լրագրողներն ու լրագրողական կազմակերպություններն անընդունելի համարեցին այս դրույթը։ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ նշելով, որ նման պահանջը կկաշկանդի ԶԼՄ-ների ազատությունը եւ արգելք կհանդիսանա ընտրական գործընթացն օբյեկտիվորեն լուսաբանելու համար, առաջարկություններ է ներկայացրել նախագիծը հեղինակած կառավարության աշխատանքային խմբին։
Լուրջ մտահոգություն առաջացրեց նաեւ ԸՕ նախագծի հետ մի փաթեթում ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է ընդլայնել ՀՌԱՀ-ի պատժիչ գործառույթները՝ նրան վերապահելով ընտրությունների ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստառադիոհեռարձակողի լիցենզիան կասեցնելու իրավունք։ Մինչդեռ, այդ քայլն ընդունելի կարելի է համարել միայն այն դեպքում, եթե իրականացվի դատարանի միջոցով, որպեսզի լրատվամիջոցը պաշտպանվելու հնարավորություն ունենա: Իսկ առաջարկված տարբերակում ակնհայտ է, որ ՀՌԱՀ-ը ստանձնում է դատարանի լիազորություններ, ինչում նաեւ «թաքնված գրաքննության» սպառնալիք է նկատվում։
Անընդունելի են նաեւ օրինագծի մյուս սահմանափակումները՝ կապված
նախընտրական քարոզարշավի ընթացքում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների՝ ՀՀ-ում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը վերահեռարձակելու պահանջի հետ։ Սա եւս «թաքնված գրաքննության» փորձ է եւ խոչընդոտ հեռարձակող ԶԼՄ-ների՝ ընտրարշավներն ազատ լուսաբանելուն։
ԽԱՊԿ-ը լրագրողական գործընկեր կազմակերպությունների հետ միասին այս օրինագծի վերաբերյալ առաջարկություններ է մշակել ու ներկայացրել աշխատանքային խմբին։
2016 թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց հեռարձակման ոլորտի եւս մեկ կարեւորագույն խնդիր՝ ամբողջական անցում չկատարվեց անալոգայինից թվային հեռարձակման։ Այսինքն՝ խախտվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետը, համաձայն որի այս տարվա հունվարի 1-ից պետք է անջատվեր անալոգային հեռարձակումը եւ գործեր միայն թվայինը։ Գլխավոր պատճառն այն է, որ կառավարությունը դեռ չի լուծել անապահով ընտանիքներին անվճար տրամադրվելիք ապակոդավորող սարքերի բավարար քանակի գնման եւ բաշխման հարցը։ Տարիներ շարունակ պետության այս պարտավորությունը անտեսվում էր։
ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության համար անբարենպաստ քաղաքական միջավայրի մասին են վկայում 2016-ի առաջին եռամսյակում արձանագրված մի շարք դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք արհամարհական ու վիրավորական, նույնիսկ ատելության հասնող արտահայտություններ են թույլ տվել լրագրողների հասցեին, փորձել «դասեր» տալ նրանց։
Առավել վրդովվեցուցիչ էր փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, լրագրողների հետ առնչվելիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ լրագրողական 10 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ու իրենց վրդովմունքն են հայտնել այս պատգամավորի վարվելակերպի առնչությամբ: