Նրա մահը զգացել եմ զարմանալի հեռազգայությամբ
Քիչ բանաստեղծներ կան, ում գրածին, զգացածին հավատում ես, հավատում անվերապահորեն: Զգում ես այրվելը, այրումը, ինքնակեզը, հարության հրաշքը: Նրա բառի ծանրությունը սրտիդ վրա է ծանրանում ամպի նման, ոչ՝ դաշույնի: Նրա տարածքում քեզ ապահով ես զգում, ինչպես հայրենի հողի վրա: Նրան համարում ես քո արյունակիցը, հայրը, եղբայրը, որդին ու հավատում նրան, ինչպես կհավատաս քո ներքին ձայնին՝ խղճին:
Այդպես պաշտպանված ու ոգեղեն եմ ապրում Սահյանի բանաստեղծական հոգեդաշտում:
Բանաստեղծի հետ հանդիպելու առիթը չունեցա իմ բնածին ամաչկոտության պատճառով, բայց նրա մահը զգացել եմ զարմանալի հեռազգայությամբ:
Հիշում եմ, ամառային այդ օրը վաղ էի արթնացել, գրեցի մի բանաստեղծություն, վերևում ավելացրի՝ Համո Սահյանի հիշատակին: Հետո ինձ կշտամբեցի, ջնջեցի հիշատակին բառը ու ամբողջ օրը մեղավորի զգացումով ինձ չներեցի:
Երեկոյան հեռուստացույցով գուժեցին նրա մահը: Կարկամել էի, պապանձվել, իսկ սրտիս վրա մի ամպ էր ծանրանում, անձրևող ամպ:Ես այդպես էլ չիմացա, թե դա ինչ էր, այդպես էլ չիմացա …
Վեներա Վարդումյան