16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եւ ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն, Սերժ

ՀՀ նախաահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Սերժ Թանկյանի նամակին: Կարդացեք այն ստորեւ`

Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի:

Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ:

Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած “վերջնական ճշմարտություննե՞րը”: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի:

Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.

 “Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր”:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ “բոլորի պատերազմը բոլորի դեմ”: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ “ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն”, Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի.

“Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր”:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ “ազատություն, մենք ազատ ենք”:

Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք “հետ, դեպի գետը Արազ…”: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում:

Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:

Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ