Նորություններ Քրիստինե Պեպելյանից /ֆոտո/
Քրիստինե Պեպելյանն առաջիկայում կներկայացնի 2012-ի սեպտեմբերին կայացած իր երեւանյան մենահամերգի DVD տարբերակը: Երգչուհին bravo.am-ին հայտնել է, որ ինչպես մենահամերգն ու ձայնասկավառակը, տեսասկավառակն էլ կոչվելու է “Շնորհակալ եմ”:
Կան երգեր, որոնք տեսահոլովակ չունեն, մարդիկ կկարողանան համերգային տարբերակով ձեռք բերել: Այստեղ միայն համերգն է լինելու, տեսահոլովակներ չենք ընդգրկի, լուսանկարները եւս համերգային կադրեր են”,-նշել է Քրիստինե Պեպելյանը:
Տեսասկավառակի դիզայները լուսանկարիչ Արմեն Աղայանն է, որը նաեւ երգչուհու վերջին CD-ի ֆոտոշարքի հեղինակն է.“Արդեն մի քանի տարբերակ ունենք. ուրախ եմ, որ իմ գաղափարներն իրականություն է դարձնում: Հույս ունեմ` մարտի 8-ին տեսասկավառակը պատրաստ կլինի”:
Քրիստինե Պեպելյանը նաեւ տեղեկացրել է, որ հնարավոր է` տեսահոլովակ նկարահանվի իր եւ Թաթա Սիմոնյանի դուետի հիման վրա: Հիշեցնենք, “Ջահելների համար” դիսկո ոճի երգը նրանք առաջին անգամ կատարել են երգչուհու մենահամերգին. “Նախնական խոսակցություն ունեցել ենք մենահամերգիցս առաջ: Դրանից հետո դեռ չենք անդրադարձել այս թեմային: Հուսանք` երկուսիս աշխատանքն այնպես կդասավորվի, որ կհասցնենք գաղափարն իրականացնել: Տպավորությունն այնպիսին է, որ համերգն ավարտվեց ու գնաց, բայց մինչեւ հիմա էլ դրա հետ կապված աշխատանքների մեջ եմ: Եթե ինձ թվում էր, որ մենահամերգից հետո հանգստանալու համար ավելի շատ ժամանակ եմ ունենալու, ճիշտ հակառակը ստացվեց. աշխատանքային ավելի բուռն շրջան սկսվեց”:
”Սիրում եմ ծննդավայրս”. Քրիստինե Պեպելյան
Երգչուհու նոր երգը Երեւանի մասին է, որի երաժշտությունը գրել է Անուշ Ալեքսանյանը. “Երգելու եմ այն քաղաքի մասին, որտեղ ծնվել են իմ ծնողները, ծնվել եմ ես: Կարեւոր չէ` կենտրոնում ես ապրում, թե` ծայրամասում, մեր քաղաքի բոլոր հատվածները պետք է սիրենք ու պահպանենք: Իմ մանկությունն անցել է կենտրոնում, մեր տունը Թումանյան փողոցում էր, երեւի ամենատպավորիչը մեր շենքի բակն էր, որովհետեւ այնտեղ են ձեւավորվել մանկական ամենագեղեցիկ հիշողություններս: Մանկապարտեզն ու դպրոցն էլ մեր տան հարեւանությամբ էին, տարիներ շարունակ նույն տարածքում եմ ապրել”:
Քրիստինեն վստահեցրել է, որ մեր մայրաքաղաքը բավական լավ գիտի.“Հիմա իմ մանկության բակում շատ քիչ բան է պահպանվել, անգամ անճանաչելի է դարձել, քաղաքում շատ բաներ ձեւափոխել են, բայց սիրում եմ ծննդավայրս”:
Առաջիկայում այս երգչուհին մեկնելու է Մոսկվա` մասնակցելու “Տաշիր” մրցանակաբաշխությանը, մինչ այդ, մարտի 8-ին ելույթ է ունենալու Մարզահամերգային համալիրում եւ “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգներին: