04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինքնահոս ոռոգման համակարգեր կներդրվեն

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման առաջընթացի վերանայման նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը:

Ողջունելով ներկաներին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ոռոգման ոլորտում իրականացված և ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերի արդյունավետության համար՝ շեշտելով դրանց հասցեական և նպատակային լինելու կարևորությունը:

Արամ Հարությունյանը նշել է, որ համատեղ  աշխատանքով հաջողվում է բեկում մտցնել ոչ միայն էլեկտրաէներգիայի տնտեսման, ջրամբարաշինության, այլ՝ ընդհանրապես ջրային ոլորտի կառավարման համապատասխան գործընթացներում:

Առաքելության  աշխատանքային խմբի ղեկավար ջրային պաշարների գծով ավագ մասնագետ Վինսթոն Յունը,  շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է պետության անմիջական մասնակցությունը ջրային կառավարման ոլորտի խնդիրների լուծման հարցում: Հայաստանը՝   ջրօգտագործողներին պետական աջակցություն մատուցելու հարցում օրինակելի երկիր համարելով՝ նա  նշել է, որ շատ առաջադեմ երկրներում պետական հոգածությունը  բացակայում է:

Կողմերը քննարկել են առաջիկայում  ոռոգման համակարգի բարելավմանը նպաստող ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես՝  որոշ համայնքներում մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու, ջրհան կայանների հեռացնող ջրանցքների բարելավման  և մի շարք այլ հարցեր:

Արձանագրվել է, որ Ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ ավարտվելու է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը, ընթացքի մեջ են  Գեղարդլաճի ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները: Մեղրիի ինքնահոս համակարգում ավարտվել  է մագիստրալի խողովակաշարի կառուցումը՝8,64 կմ երկարությամբ, մի նչև տարեվերջ կառուցվելու է 35,3 կմ երկարությամբ Ձախ ճյուղի մագիստրալի խողովակաշարի կառուցումը:

Ջրհան կայանների հեռացվող ջրանցքների վերականգնման ենթաբաղադրիչով նախատեսվում է մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը վերականգնել 13 ջրանցք: 2015 թվականին նախատեսվում է Համաշխարհային բանկի հետ  իրականացնել շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ  ծրագրեր:

Քննարկվել  է նաև  մի շարք  համայնքներում  ինքնահոս համակարգի կառուցման ծրագրեր: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքներում ինքնահոս համակարգի կառուցումը համադրել  համայնքի բնակիչների համար բարենպաստ  գործարար և տուրիստական ոլորտների հետ՝ բացառելով շահերի բախման որևէ  հավանականություն:

Այս համատեքստում անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի որոշ բնակիչների բարձրաձայնած մտահոգություններին՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ մինչ ծրագրի մեկնարկը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումներ ունենալ քաղցրաշենցիների հետ:

Հանդիպման ավարտին առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Վինսթոն Յունը, ևս մեկ անգամ կարևորելով մեր երկրի՝ ջրօգտագործման ոլորտին առնչվող  քաղաքականությունը,  հույս է հայտնել, որ կոմիտեի հետ համատեղ տարվելիք հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի գտնել համայնքների  համար շահեկան լուծումներ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանը, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևնան:

Համաշխարհային բանկի առաքելության միջնաժամկետ առաքելության հիմնական նպատակն է գնահատել ծրագրի  ընդհանուր արդյուքնները, ցուցանիշները  և ազդեցությունները զարգացման արդյունքների տեսանկյունից, աջակցել ծրագրի իրականացման խոչընդոտների և խնդիրների լուծմանը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ