Տղայիս կմորթեն, հետո ընտանիքս կկախեն. ինքնասպան եղած Բենիկը գրություն է թողել
Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանն այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան կախված են հայտնաբերել 50-ամյա Բենիկ Հարությունյանին, ով գրություն է թողել: «Ինքը իմ քրոջ տղան է: Նորմալ, լավ տղա էր, ուղղակի այս տարվա օգոստոսին, երբ Ռուսաստանից եկավ, մի քիչ հոգեկան շեղումներ էին նկատվում մոտը: Ինքը խեղճ ու խելոք տղա էր ու ոչ մեկիս մտքով չանցավ, որ նման քայլի կգնա»,-Henaran.am -ի թղթակցին պատմել է Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը:
Գյուղապետի փոխանցմամբ՝ այս երկուշաբթի Բենիկին պետք է տեղափոխեին Երևան՝ բուժում ստանալու :
«Արդեն խոսել էի համապատասխան մասնագետի հետ, պետք է բերեինք, այս օրերին ֆինանսական հարցերն էի լուծում… չհասցրեցինք: Գրել է՝ չէիք հավատում, որ ես ասում էի, իմ ընտանիքը չեմ կարողանում փրկել, դրա համար գնում եմ էս քայլին»,-հուզվեց մեր զրուցակիցը: Նիկոլյանի խոսքով՝ Բենիկը վախից է հիվանդացել ու այդ պատճառով էլ արտագնա աշխատանքից վերադարձել է գյուղ:
«Ասում էր՝վազող տողով իմ մասին են գրում: Տղան ուսանող է, ասում էր՝ գնալու են իրեն մորթեն, հետո իմ ընտանիքը կկախեն, հետո ազգս ու տակս կվերացնեն»: Բենիկ Հարությունյանը երեք զավակների հայր էր: Որդիներից մեկը դպրոցահասակ է, մյուսը սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, դուստրն ամուսնացած է:
Ընտանիքը Սիսիանում վարձով էր բնակվում, Լծենում նրա հայրական տունն է, որտեղ էլ 50-ամյա տղամարդու հայրը որդու դին կախված է գտել: