Գյուղաբնակների զբաղվածությանը և եկամտի հարցն առաջնային է. վարչապետ

Մասնակցելով Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա ֆորումին և անդրադառնալով ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա համաժողովի օրակարգում ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղացու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»: