21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Իտալական Ձմեռ պապը Բաբո Նատալեն է … Ամանորը` նաեւ ազգային յուրահատկություն /ֆոտո/

Քանի որ Նոր տարին միջազգային տոն է, աշխարհի տարբեր մասերում այն նշվում է յուրովի: Եվրոպացիներն ունեն իրենց ավանդույթները, որոնք մեծապես տարբերվում են ասիացիների ավադույթներից, վերջիններս էլ իրենց հերթին` ամերիկյան ավանդույթներից:

Իտալիայում Նոր տարին սկսում է հունվարի 6-ին: Ըստ լեգենդի` այդ օրը իր կախարդական մահակի վրա գալիս է Բեֆանա բարի փերին: Նա փոքր ոսկե բանալիով բացում է դռները եւ մտնելով այն սենյակները, որտեղ երեխաներ են քնած, նվերներով է լցնում բուխարուց կախված գուլպաները: Իտալական Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ Նոր տարին հարկավոր է սկսել` ազատվելով հին ամեն ինչից:

Այդ պատճառով էլ ամանորյա գիշերն ընդունված է պատուհանից դուրս նետել հին իրերը: Իտալացիներին շատ է դուր գալիս այս ավանդույթը եւ նրանք դա անում են մեծ հաճույքով` հարավցիներին բնորոշ կրքոտությամբ: Պատուհաններից դուրս են նետվում հին արդուկներ, աթոռներ,  եւ նմանատիպ այլ իրեր, որոնք այլեւս պետք չեն: Ընդունված է, որ հին իրերի տեղն անպայման զբաղեցնեն նորերը: 

Իտալացիների ամանորյա սեղանին անպայման դրվում են ընկուզեղեն, ոսպ եւ խաղող` երկարակեցության, առողջության եւ բարեկեցության խորհրդանիշերը:

Իտալացիների համար նաեւ կարեւոր է` ում կտեսնեն նրանք առաջինը: Եթե իտալացին հանդիպում է քահանայի կամ վանականի, դա վատ նշան է: Ցանկալի չէ նաեւ փոքր երեխայի տեսնել: Սապատավոր ծերունու տեսնելը երջանկության նշան է:

Շվեդիայում նոր տարին լույսի տոն է: Նախքան նոր տարին երեխաներն ընտրում են լույսի թագուհուն` Լյուչիային: Նրան սպիտակ զգեստ են հագցնում եւ գլխին վառված մոմերով թագ են դնում: Լյուչիան նվերներ է բերում երեխաներին, իսկ տնային կենդանիներին` քաղցրավենիք: Տոնական գիշերը տներում լույսերը չեն անջատվում, իսկ փողոցները վառ լուսավորվում են:

Անգլիայում ողջ տարին միասին լինելու համար սիրահարները պետք է համբուրվեն: Այնտեղ ընդունված է Նոր տարուն երեխաների համար բեմադրություններ պատրաստել` հին անգլիական հեքիաթների սյուժեներով:

Հենց Անգլիայում է սկիզբ առել ամանորյա բացիկներ նվիրելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպվել է Լոնդոնում 1843-ին: Նախքան քնելը երեխաները սեղանին ափսեներ են դնում նվերների համար, որոնք նրանց է բերում Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ խոտ են դնում` որպես հյուրասիրություն իշուկի համար:

Նոր տարվա գալստյան մասին ազդարարում է զանգը: Այն սկսում է զնգալ կեսգիշերից հետո եւ “շշուկով”, քանի որ այն փաթաթված է ծածկոցի մեջ: Ուղիղ կեգիշերին զանգի վրայից վերցնում են ծածկոցը եւ այն սկսում է ուժեղ զնգալ Նոր տարվա կապակցությամբ:  Այդ պահին էլ սիրահարները պետք է համբուրվեն, որպեսզի գալիք տարում անբաժան լինեն:

Շոտլանդիայում Նոր տարին անվանում են “Հոգմանի”: Փողոցներում տոնը դիմավորում են Ռոբերտ Բըրնսի բանաստեղծության բառերով գրված երգով: Ըստ ավանդույթի` ամանորյա գիշերն այրում են կուպրով տակառներ եւ գլորում` այդ կերպ այրելով Հին տարին եւ դիմավորելով Նոր տարին:

Շոտլանդացիները կարծում են, որ ողջ տարին հաջողակ կամ անհաջողակ լինելը կախած է նրանց, թե ով առաջինը իրենց տուն կմտնի: Նրանց կարծիքով` մեծ հաջողություն է բերում սեւահեր տղամարդը, ով նվերներ է տուն  բերում: Այդ ավանդույթն անվանում են “ֆըրսթ ֆութինգ”:

Ամանորին շոտլանդացիները հատուկ ավանդական կերակրատեսակներ են պատրաստում. նախաճաշին սովորաբար մատուցվում են վարսակից պատրաստված բլիթներ, պուդինգ, պանրի հատուկ տեսակ, որը կոչվում է կեբբեն, ճաշին` խաշած սագի միս կամ բիֆշտեքս, կարկանդակ կամ խնձորներ` խմորի մեջ թխված:

Հյուրերն իրենց հետ անպայման պետք է բերեն ածուխի կտոր` ամանորյա բուխարիի մեջ նետելու համար: Ուղիղ կեսգիշերին բացվում են դռները` հին տարին ճանապարհելու եւ նորը դիմավորելու համար:

Իռլանդիայում  Սուրբ ծնունդն ավելի շատ կրոնական տոն է, քան զվարճանք: Պատուհանների մոտ վառված մոմեր են դրվում Սուրբ ծննդից առաջ` օգնելու Հովսեփին եւ Մարիամին, եթե նրանք ապաստան են փնտրում: Իռլանդացի կանայք հատուկ թխում են “seed cake” կոչվող  թխվածքաբլիթները տան յուրաքանչյուր անդամի համար: Նրանք 3 պուդինգ են պատրաստում` մեկը Սուրբ ծննդյան համար, մյուսը` Նոր տարվա, երրորդը` Խաչելության օրվա:

Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս  է ամանորյա գիշերը եւ երեխաների համար նվերներ է թողնում կոշիների մեջ: Նա, ում բաժին է ընկնում տոնական կարկանդակի մեջ դրված մետաղադրամը, “արքայի տիտղոս” է ստանում, իսկ տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին:

Տոնածառի մոտ դրվում են փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդույթի`տանտերը, եթե գինեգործ է, պետք է իր բաժակով զարկի գինու տակառին, շնորհավորի տոնը եւ խմի գալիք տարվա լավ բերքի համար:

Ձյունառատ Ֆինլանդիայում հիմնական ձմեռային տոնը համարվում է Սուրբ ծնունդը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: Սուրբ ծննդյան գիշերը, անցնելով ողջ ճանապարհը Լապլանդիայից, տներն է այցելում Ձմեռ պապը` դռան մոտ թողնելով նվերներով լի զամբյուղը: 

Նոր տարին կարելի է ասել Սուրբ ծննդի կրկնությունն է: Կրկին ողջ ընտանիքը հավաքվում է տարբեր կերակուրներով լի սեղանի շուրջ: Ամանորյա գիշերը ֆինները փորձում են գուշակել իրենց ապագան եւ կանխատեսումներ են անում` հալեցնելով մեղրամոմը եւ այն սառը ջրի մեջ լցնելով:

Գերմանիայում կարծում են, որ Նոր տարուն Սանտա Կլաուսը հայտնվում է էշով: Ինչպես եւ Անգլիայում, Գերմանիայում եւս երեխաները քնելուց առաջ ափսեներ են դնում նվերների համար, որոնք պետք է բերի Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ`խոտ` էշի համար:

Հունգարիայում Նոր տարվա առաջին վայրկյանին ընդունված է սուլել, ընդ որում` ոչ թե երկու մատներով, այլ օգտագործելով մանկական սուլիչներ: Համարվում է, որ հենց դա է տնից քշում չար ոգիներին եւ ուրախություն ու բարեկեցություն բերում: Տոնին պատրաստվելով` հունգարները չեն մոռանում նաեւ ամանորյա ուտելիքների կախարդական  ուժի մասին. լոբին եւ սիսեռը պահպանում են հոգու եւ մարմնի ուժը, խնձորը` գեղեցկությունը եւ սերը, ընկույզը` պաշտպանում է դժբախտություններից, սխտորը` հիվանդություններից, իսկ մեղրը` քաղցրացնում է կյանքը:

Նոր տարուն ուրախ մարդը` մորթե վերարկու հագած եւ բարձր, ոչխարի մորթուց գլխարկը գլխին, տուփը` մեջքին, գալիս է չեխ եւ սլովակ երեխաների մոտ: Նրա անունը Միկուլաշ է: Նրանք, ովքեր լավ են սովորում, մշտապես նվեր են ստանում նրանից:

Հոլանդիա Ձմեռ պապը հասնում է նավով: Երեխաներն ուրախությամբ նրան դիմավորում են ափին: Ձմեռ պապը սիրում է ուրախ խաղեր եւ անակնկալներ եւ հաճախ երեխաներին նվիրում է մարցիպանից մրգեր, խաղալիքներ, կոնֆետներ:

Բուլղարիայում հյուրերը, հարազատները հավաքվում են ամանորյա տոնական սեղանի մոտ եւ 3 րոպեով անջատվում է լույսը: Այն ընթացքը, երբ հյուրերը մնում են մթության մեջ, անվանում են ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը կպահի մթությունը:

Հունաստանում հյուրերն իրենց հետ են վերցնում մի մեծ քար եւ շեմին այն նետելով ասում. “Թող տանտիրոջ հարստությունն այսքան ծանր լինի”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ