«Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք»
Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղևորների մարմիններն տեղափոխել են Հայաստան: Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղից են: Նույն գյուղի 34-ամյա Հրաչ Բադալյանի ընտանիքում երկրորդ փոքրիկին են սպասում:
Գյուղապետը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք ցնցված ենք: Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք: Այսօր վերջին հույսն էլ մարեց»:
Գեղամավանում մթնոլորտը ծանր է, քանի որ համայնքը կորցրել է միանգամից 3 համագյուղացու: Գեղամավանցիներից մյուս զոհը 54-ամյա Գագիկ Մանուկյանն է: Գյուղապետի փոխանցմամբ` վերջինս մեկ աղջիկ և տղա ունի: «Արդեն 3-րդ տարին է` գնում է արտագնա աշխատանքի: Այնտեղ էլ էր վարորդ աշխատում: Մոտ օրերս թոռնիկ պետք է ունենար: Ասում են` տղա է ծնվելու, նրա անունն էլ կդնեն երևի»:
Նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վարուժան Ստեփանյանի մասին Բադալյանը պատմում է, որ տաղանդավոր շինարար էր. «Նա միշտ արտագնա աշխատանքի է գնացել Ռուսաստան: Մեր գյուղի համար մեծ կորուստ էր, այլ բան ասել չեմ կարող »:
Ողբերգության մյուս զոհը՝ 34-ամյա Արտաշես Հովհաննիսյանը,Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից է: Գյուղում սուգ է հայտարարվել, երեխաները ինքնակամ դպրոց չեն գնացել, ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել. բոլորն Արտաշեսի կորուստն են սգում:
«Հովհաննիսյանների ընտանիքի տան լույսը մարեց: Մայրը միշտ ասում էր՝փոքր տղան տան ուրախությունն է եղել, երեկ եմ հանդիպել նրանց: Երկար զրուցեցինք, խնդրեցի՝որդու կարոտը թոռներից առնի: Արտոն երկու սիրուն տղա ունի: Նրանց տան լույսը միշտ վառ կպահեն»:
Գյուղապետի խոսքով` երեխաները շատ փոքր են. «Մեկը 4-5 տարեկան, մյուսը 2-3 տարեկան. դեռ դպրոցականներ էլ չեն: Անցյալ տարի էլ է գնացել Ռուսաստան` աշխատելու: Հայրական տանն է բնակվում, ծեր ծնողներ ունի»:
Արատշեսի աճյունը վաղն են հողին հանձնելու. «Ծանր է, բոլորի համար էլ իրավիճակը շատ ծանր է, մենք` գյուղացիներս, շուտով կանցնենք մեր ամենօրյա գործին, իսկ ծնողներին, երեխաներին մենք կփորձենք օգնել և թույլ չտալ, որ Արտաշեսի կորուստը զգան»:
Հիշեցնենք, M-4 մայրուղում պատահարը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին ժամը 3:12-ին, Տուլայի մարզի տարածքում: Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսում եղել է 60 մարդ, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եղել: Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է։ Երեք ծանր վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են Մոսկվա: